‘Առաքել Սեմիրջյան. Օրինականությունից և ապօրինությունից անդին’

1539

Բերձորի դեպքերի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր են ծագում, սակայն հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք որևէ ողջամիտ իշխանավոր չկար, որ հաշվարկեր, թե այդպիսի դեպքերն ինչ վնաս են հասցնում Հայաստանին ու Արցախին:

Այդ դեպքի հետ կապված հարցերի քննարկման ելակետը հենց սա պետք է լիներ: Նաև պետության հետ կապված ցանկացած հարցի քննարկման ելակետը պետք է լինի սա՝ հաշվարկել՝ տվյալ քայլը պետությանը օգո՞ւտ կբերի, թե՞ կվնասի, իսկ մնացած հարցերը կարելի է ընթացքում կարգավորել: 

Օգուտի ու վնասի հաշվարկն էլ է շատ հեշտ կատարել, որովհետև ստեղծվել է մի մեխանիզմ, որով չափվում է այս կամ այն քայլի օգուտն ու վնասը: Եթե պետությունը պաշտպանում է իր իսկ ստեղծած օրենքները, այսինքն՝ պետությունը իր կողմից գրված օրենքների երաշխավորն  է դառնում, դրանից հետո այն քայլերը, որոնք մնում են օրինականության սահմաններում, մեխանիկորեն՝ պետության համար օգուտ են, իսկ այն քայլերը, որոնք դուրս են օրինականության սահմաններից, մեխանիկորեն՝ դառնում են վնասակար պետության համար:

Արտաքին խաղացողներն էլ են նույն կերպ նայում տվյալ երկրին. եթե տվյալ պետությունը գործում է օրինականության սահմաններում, մեխանիկորեն՝ դա օգուտ է հենց այդ պետության համար, որովհետև նրան դիտում են որպես վստահելի գործընկերոջ, իսկ այն պետությունները, որոնք դուրս են գալիս միջազգային օրենքների սահմաններից, մեխանիկորեն՝ դառնում են «իզգոյ» պետություններ, և դա վնասակար է դառնում տվյալ պետության համար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: 

Իհարկե, ցանկացած իրավիճակ իր հետ բերում է նաև որոշակի գայթակղություններ. հնարավոր է, որ այս պահի ապօրինությունն ավելի օգտակար լինի, քան օրենքի տառը պաշտպանելը: Սակայն երկարաժամկետ հաշվարկներում դա էլ չի աշխատում, քանզի գործած ապօրինությունը վերադառնում է գործողին: Իհարկե, կան դեպքեր, երբ ապօրինությունները գաղտնի կամ միջազգային ուժերի տեսադաշտից դուրս են արվում,  ու հնարավոր է լինում  իբր «խաբել» այդ ուժերին ու ենթադրյալ օգուտներ քաղել, սակայն դժվար է ասել, թե արդյո՞ք նրանցից գաղտնի է այդ ամենը արվել, և արդյո՞ք հետագայում այդ ամենը չի բացահայտվի ու լրացուցիչ ավելի բարդ խնդիրներ առաջացնի երկրի համար:

Հիմա, բերձրոյան դեպքերի հետ կապված՝ մի կողմը հուզական պահվածք է դրսևորում, ու այդ ամենը հասկանալի է, սակայն հարցին ավելի լուրջ վերաբերվելու դեպքում ոչ թե պետք է հերոսացնել կամ ողբերգության վերածել այդ իրավիճակը, այլ փորձել հասկանալ՝ ինչպիսի ապօրնություններ են տեղի ունեցել Արցախում՝ տվյալ դեպքի հետ կապված:

Իշխանություններն էլ, իրենց հերթին, ամեն ինչ անում են՝ մարդկանց համոզելու համար, որ սադրանքը կազմակերպվել է Նախախորհրդարանի կողմից, սակայն իշխանությունները մոռանում են, որ եթե նույնիսկ սանդրանք է կազմակերպվել, որին դժվար թե որևէ ողջամիտ մարդ հավատա, հենց պետության խնդիրն էլ այն է, որ չտրվի այդպիսի սադրանքների:

Եթե Բերձորում մի քանի հարբած քաղաքացի իրականացներ այդ ծեծուջարդը՝  պատճառաբանելով, թե իբր իրենք չեն ուզում, որ հայաստանյան քաղաքական ուժերը մուտք գործեն Արցախ, Արցախի իշխանությունները դեռ հնարավորություն կունենային հայտարարելու, թե մեղավորները կպատժվեն, թե Արցախի իշխանությունները որևէ առնչություն չունեն դրա հետ: Բայց երբ ոստիկաններն են ապօրինություն գործում, դրանից բխում է, որ պետությունն է ապօրինության հեղինակը:

Բանն այն է, որ Արցախի հիմնական խնդիրը պետք է լինի օրինականության շրջանակներում գործելը, իսկ եթե դիմացինը ապօրինություն է թույլ տալիս, դրա համար կա օրենք, որով կարող էին ձերբակալել ապօրինությունների կազմակերպիչներին և դատարանի միջոցով փորձեին հաստատել նրանց մեղքը:

Իսկ երբ պետությունը իրեն թույլ է տալիս «ինքնիրավչություն»` առանց դատ ու դատաստանի, պարզապես մի քանի իշխանավորի կամայականությամբ, դրա հետևանքները իրենց շատ սպասել  չեն տա, ու այստեղ օգուտի ու վնասի հաշվարկ կատարելն էլ բարդ չէ, որովհետև ամեն ինչ ակնհայտ է:

Նախորդ հոդվածը‘Փնտրվում է Իշխան Զաքարյանը . ՎՊ անդամները իրարամերժ տեղեկություններ են տալիս’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կարե՞լի է եզրակացնել, որ իշխանությունը հովանավորում է կապիտալի ապօրինի արտահոսքը (Տեսանյութ)’