‘Առաքել Սեմիրջյան. Ֆոբիաներ’

1550

Ցանկացած մարդ ունի վախեր, որոնք այս կամ այն կերպ փորձում է կյանքի ընթացքում հաղթահարել: Սակայն  դրանք ամբողջությամբ հաղթահարելն անհնար է, քանզի վախերը մարդու պաշտպանական մեխանիզմի մասերից մեկն են: Վախերի խորացման դեպքում դրանք վեր են ածվում ֆոբիաների, որոնք հաղթահարելը շատ ավելի դժվար է ու շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում:

Եթե վախերն ինքնին շատ մեծ վտանգ չեն ներկայացնում, դեռ ավելին՝ մարդուն ապահովագրում են որոշակի քայլերից ու ստիպում ցանկացած որոշում կայացնելուց առաջ մի քանի այլ հանգամանք էլ հաշվի առնել, ապա ֆոբիաների դեպքում ցանկացած որոշում կայացնելիս գրեթե անհնար է դառնում ողջամիտ եզրահանգման գալը, քանզի ֆոբիան շատ ավելի ազդեցիկ է, քան մարդու անվտանգությունն ապահովող վախերը: Ու քանի որ տվյալ ֆոբիայի սահմաններում ցանկացած երևույթ չափազանցված է թվում,  ուստի դրա հետ կապված խնդիրն էլ է չափազանցվում ու թվում անլուծելի:

Այս ամենը մակերեսային դիտարկեցի անհատի տեսանկյունից: Սակայն ինչպես անհատները՝ մարդիկ, այնպես էլ «երկրներն» ունեն իրենց ֆոբիաները, որոնց հիմքում ոչ միայն տվյալ պետության պատմական փորձն է, այլ նաև այդ պետության իշխանության ներկայացուցիչների ֆոբիաները, որոնք այս կամ այն կերպ փոխանցվում են պետությանը: Այնպես չէ, որ ժողովրդավարության բազմամյա փորձ ունեցող երկրներում բացառվում է բազմաթիվ ֆոբիաներով տառապող մարդու՝ իշխանության ղեկին  հայտնվելը, սակայն ի տարբերություն ոչ ժողովրդավարական երկրների՝ այդպիսի երկրներում պետությանն առնչվող հիմնարար խնդիրները տվյալ ղեկավարի լուծման մենաշորհը չեն, և պետական համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս այս կամ այն պաշտոնյային՝ իր ֆոբիաները հաղթահարել պետությանը վերաբերող խնդիրներն իբր լուծելու հաշվին:

Դեռ ավելին, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի խորացված ֆոբիաներով անձինք հնարավորինս հեռու մնան պետական պաշտոններից, նաև պատկան մարմիններն են ամեն ինչ անում, որպեսզի տվյալ հասարակության միջից դուրս գան ֆոբիաները, ու մարդիկ ավելի սթափ կարողանան նայել խնդիրներին:

Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը, ու փոխանակ պետությունն ամեն ինչ անի եղած պատմական ֆոբիաները հաղթահարելու համար, նոր ֆոբիաներ է ներմուծում հասարակական կյանք՝ իր՝ «իշխանությունից դուրս կյանք ու ապագա  չունենալու ֆոբիան» հաղթահարելու համար:  

Թվարկեմ մի քանի պատմական և ոչ պատմական ֆոբիաներ, որոնց հաղթահարումը, ըստ իս, Հայաստանի ամենակարևոր խնդիրն է, առանց որի դժվար թե կարողողանանք որևէ արդյունքի հասնել. Ցեղասպանության ֆոբիա, թուրքի ֆոբիա, ռուսի ֆոբիա, մթի ու ցրտի ֆոբիա, մասոնների ֆոբիա, աղանդավորների ֆոբիա, արտագաղթի ֆոբիա… ու այս ամենի հիմնական աղբյուրը անլիարժեքության կամ սեփական ուժերի թերագնահատման  բարդույթն է, որը բերում է այսպիսի ֆոբիաների: 

Անկախության առաջին տարիներին էլ կային վերոնշյալ ֆոբիաները, սակայն դրանց հաղթահարման համար կոնկրետ ջանքեր գործադրվեցին, ու Արցախյան պատերազմի հաղթանակը իրեն երկրար սպասել չտվեց: 

Ընդհանրապես՝ ֆոբիաների հաղթահարման համար ընդամենը մեկ ճանապարհ կա` մարդուն աստիճանաբար (որ շոկի մեջ չընկնի) իրական կյանք վերադարձնել, որպեսզի տվյալ խնդիրը դուրս չգա ողջամտության սահմաններից, ու հնարավոր լինի այն լուծել:

Կա ևս մեկ պսևդոմեխանիզմ, որը ոչ թե ֆոբիաները վերացնում է, այլ ավելի խորացնում, ու, ցավոք սրտի, այդ ճանապարհով էլ այսօր գնում են մեր իշխանությունները. դա ֆոբիաների հաղթահարման իմիտացիան է, ինչն արվում է տարատեսակ միֆերի ստեղծմամբ, որոնք էլ կարելի է կոչել  հենց նույն ֆոբիաների անուններով: 

Վերցնենք նույն «ցրտի ու մթի» տարիների միֆը: Ի՞նչ է իրականում ցուրտը, որով մարդկանց կարելի է այդքան վախեցնել. պարզ հաղթահարվող մի երևույթ, ու եթե պետությունը չգտնվի պատերազմական վիճակում, մարդիկ աշխատանք ունենան, ապա ջեռուցումը միացնելու դեպքում ցրտի միֆն անմիջապես անհետանում է, դրանով իսկ անհետանում է ցրտի նկատմամբ ֆոբիան: Իսկ երբ պետությունը չի կարողանում ապահովել մարդուն համապատասխան աշխատատեղերով, ապա ցրտի մասին միֆ է հորինում ու տարածում՝ եթե իրենք չլինեն, ապա պատերազմ կլինի, և մարդիկ կսկսեն մրսել:

Ավելի հետաքրքիր ֆոբիա է «մթի ֆոբիան», որը կարելի է հաղթահարել՝ պարզապես գիտակցելով, որ լույսը բացվելուն պես մութն անհետանում է: Սակայն իշխանություններին պետք չէ, որ մարդիկ «իմանան», թե ցուրտը միայն ձմեռային ամիսներին է լինում, իսկ մութն էլ՝ միայն գիշերային ժամերին, այլ հարկավոր է, որ միֆ ստեղծվի «ցրտի ու մթի» տարիների մասին, ու այդ միֆը վերածվի ֆոբիայի, որով էլ հնարավոր լինի մարդկանց վախեցնել ու երկարացնել իրենց իշխանությունը:

Ձեզ երբևէ հարց չե՞ք տվել, թե ինչո՞ւ  երբ սահմանի վրա կրակում են, Երևանում խուճապն ավելի շատ է, քան նույն սահմանամերձ գյուղերում: Ամենևին էլ ոչ այն պատճառով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն վախենում իրենց երեխաների համար, այլ որովհետև նրանք հստակ պատկերացնում են թշնամուն, ու թուրքի նկատմամբ ֆոբիա նրանց մոտ չի առաջացել:

Այսինքն՝ իրականության հետ առերեսվելը ֆոբիաների հաղթահարման միակ ճանապարհն է, իսկ միֆերի ստեղծումը՝ ֆոբիաների խորացման հիմնական ուղին: Ու ցավոք սրտի՝ 1998 թվականի հեղաշրջումից հետո, որն ինքնին իրականության ու միֆերի հակադրման արդյունք էր, Հայաստանը ոչ թե ապրում է իրականության մեջ, այլ ապրում է միֆերով, ու այդ միֆերն էլ, «պետական հովանավորչությամբ» վերածված ֆոբիաների՝ գործում են հասարակության մեջ ու քայքայում պետականության հիմքերը:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Երևանում. Սպանության մեջ կասկածվողը որոնվում է’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի բողոքի ցույցի առանձին մասնակիցների նկատմամբ քրգործեր են հարուցվել’