‘Առեւանգված ակտիվիստի եղբայրը մանրամասներ է ներկայացնում’

4190

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

Ակտիվիստի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը,  iLur.am-ին տեղեկացրեց, որ Արտակին առեւանգել են Տոլստոյի փողոցի վրայից ավտոմատներով զինված դիմակավորված 3 մարդ: Ընդ որում, ոչ մեքենայի, ոչ առեւանգողների վրա որեւէ տարբերանշան չի եղել: Արտակ Խաչատրյանի մասին այս ընթացքում որեւ է տեղեկություն չկա:

«Կենտրոնի քաղմասից հետաքննական խումբ է եկել, քրեականի պետի գլխավորությամբ, հիմա հետաքննում են», — ասաց Արտյոմ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, եղբոր առեւանգումը կապ ունի նրա հասարակական ակտիվ գործունեության հետ:

«Ես երեկ երեկոյան եմ իր հետ խոսացել, ոչ մի անհանգստություն, կասկածելի խոսակցություն չի եղել, ոչ զանգել են, ոչ սպառնացել են: Արտակը քրեական աշխարհի հետ կապ չունի, բացի էդ էլ, նրան առեւանգել են օրը ցերեկով՝ Կենտրոնի փողոցից: Ենթադրում եմ, որ հատուկ ծառայությունների ձեռագիրն է», — ասաց մեր զրուցակիցը:

 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ. Դիմակավորված անձինք «Կասեցումի» մասնակից Արտակ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ’