Առնոլդ Հակոբյան. Հետո պարզվեց՝ նա իրավացի էր

213

Առնոլդ Հակոբյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ատողներին։ Կասեմ՝ ինչու։ Միայն փաստերով, որ վիճելու բան չլինի։

Նա առաջին նախագահն էր։ Արցախի հերոս։ Ինտելեկտուալ, գիտնական, գրքերի հեղինակ։ 1998-ին հեռացավ իշխանությունից՝ կամ կամավոր, կամ պարտադրված՝ կախված նրանից, թե ում հարցնես։ Հեռանալիս զգուշացրեց․ չպետք է կերակրել ազգայնական ամբիցիաները, պետք է իրատես լինել և, քանի դեռ հնարավոր էր, Արցախը պահպանել հայաբնակ։

Տասը տարի ոչ մի բանի չխառնվեց։ 2008-ին վերադարձավ ու, ասես հեքիաթի իմաստուն, ասաց՝ մեր տունը այրվում է, մինչդեռ մենք դեռ կահույքի դասավորության մասին ենք վիճում։ Ասում էր՝ մենք քնած քայլում ենք դեպի ժայռի ծայրը, որից հետո անդունդ է։

Ոչ ոք չուզեց լսել։ Սուտն ու կեղծիքը ավելի հարմար ու հաճելի էին։ Հետո պարզվեց՝ նա իրավացի էր։ Չափից շատ իրավացի։ Այնքան, որ մարդու մեջ առաջանում է ճշմարտությունն ասողին խփելու ցանկություն։ Թեև գիտես, որ նա այդ իրականությունը չի ստեղծել, բայց չես ուզում ընդունել այն և սկսում ես ատել քեզ այն բացահայտողին։

Կա նաև մեկ ուրիշ պատճառ։ Նա հակասական կերպար է։ Թույլ չի տալիս նրան ամբողջությամբ սիրել կամ ամբողջությամբ ատել։ Դու ստիպված ես համակերպվել քո ներսում նրա մասին հակասական պատկերացումների հետ։ Դա շատ է նյարդայնացնում։ Մենք ուզում ենք մարդկանց կամ սիրել, կամ ատել՝ գոնե մեր ներսում հստակություն ունենալու համար։ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում դա չի ստացվում։

Ես նրան չեմ երկրպագում և չեմ դեմոնիզացնում։ Ես բարկանում եմ, որ պատմությունը մեզ տվել էր ժամանակից առաջ անցած այդպիսի մարդու, բայց մենք չկարողացանք կանգնեցնել անդունդը գլորվող գնացքը։ Եվ ես հասկանում եմ նաև նրանց, ովքեր մեղադրում են հենց նրան՝ դա չանելու համար։ Դա խոստովանություն է, որ նա կարող էր…»։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Լեւոն Տեր–Պետրոսյանին ուրացել են շատերը, ինքը` երբեք
Հաջորդ հոդվածըՏաթեւ Զորյան. Հավատում եմ, որ ողջամտության ճրագը մի օր անշեջ հուր է դառնալու