‘Առողջապահության նախարարությունը կոչ է անում սիրիահայերին պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ ստանալ’

724

ՀՀ  առողջապահության նախարարությունը կոչ է անում սիրիահայերին պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ ստանալ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել են պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով  վարակվելու ռիսկ ունեն:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում: Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին: Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Անասուններ և ասուններ. կարծրատիպերը և իրականությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’