‘Առողջապահության նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի զեկույցին ‘

822

ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր արձագանքել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ առողջապահության ոլորտին նվիրված զեկույցին:

ՄԻՊ- Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն  ենթարկվել:

ԱՆ- Համավճարից ազատման կամ համավճարի զեղչման դեպքերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N318-Ն որոշմամբ: Համաձայն նշված որոշման հավելված 8-ի կետ 11-ի՝ «բացառիկ դեպքերում, երբ հիվանդը հնարավորություն չունի իրականացնել սահմանված չափով համավճար, բուժհաստատության կողմից ստեղծված հանձնաժողովն իրավունք ունի որոշում ընդունելու (գրավոր արձանագրելով) ազատելու այդ հիվանդին համավճարից կամ սահմանելու համապատասխան զեղչված համավճար», իսկ նույն հավելվածի 12-րդ կետում ասված է, որ «համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը: Այս դեպքում համավճարից ազատման կամ զեղչման գումարները բուժհաստատության կողմից ձևակերպվում են որպես սույն կարգի հիման վրա տվյալ հիվանդին անհատույց տրված և հիվանդի համար վճարված գումարներ»:

Այսպիսով, համավճարից ազատման կամ զեղչման որոշումներն ընդունվում են բուժհաստատությունում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից՝ տվյալ բուժհաստատության եկամուտների հաշվին: Համավճարից ազատման կամ զեղչման հատուկ հաստատված կարգի առկայություն ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված չէ, ինչպես նաև սահմանված չեն նման որոշումների կայացման հստակ չափանիշները, քանի որ նշված մոտեցման հիմքում ընկած է որոշումների ընդունումը, ապակենտրոնացնելու և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան խնդրանքով դիմած քաղաքացուն անհատական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը: Միաժամանակ պետք է նշել, որ համավճարից ազատված են բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք: Ինչ վերաբերում է համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը չգերազանցելու պահանջին, ապա ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի կողմից հավաքագրված հաշվետվությունների և տեղերում կատարված ստուգումների կամ ուսումնասիրությունների տվյալներով նմանատիպ դեպքեր չեն բացահայտվել:

Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և կառավարության հաստատմանն է ներկայացրել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգը և հայեցակրգից բխող միջոցառումների ժամանակացույցը, որով նախատեսվում է բարելավել պետպատվերի շրջանակներում ֆինանսավորման մեխանիզմներն ու ապահովել առողջապահության ոլորտում պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը: 

ՄԻՊ- Խիստմտահոգիչէ, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:

ԱՆ-ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը»  հնարավորություն է տալիս բացառել կեղծ ու անորակ դեղերի ներմուծումը հանրապետություն օրինական ճանապարհով, քանի որ Հայաստան ներմուծվող դեղերի յուրաքանչյուր խմբաքանակ ներմուծվում է բացառապես ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից տվյալ խմբաքանակի վերաբերյալ փաստաթղթային և/կամ/ լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ինչ վերաբերում է ոչ օրինական ճանապարհով ՀՀ տարածք մուտք գործած կեղծ դեղերի հայտաբերմանը, ապա պետք է նկատել, որ դա պետական մի շարք մարմինների գործունեության համաձայնեցված և փոխլրացնող ոլորտ է, որտեղ առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների և վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը առողջապահական պետական տեսչության վերակազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման և տեսչության ձևավորումից հետո նախատեսվում է էականորեն կանոնակարգել և հստակեցնել դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը դեղերի շուկայում, ինչի շրջանակներում նաև կբարելավվեն կեղծ դեղերի հայտնաբերման և դրանց շրջանառությունը կանխարգելելու հետ կապված աշխատանքները: Միաժամանակ, կեղծ դեղերի դեմ պայքարը միջազգային հիմնախնդիր է և պահանջում է համագործակցություն ինչպես յուրաքանչյուր երկրի տարբեր կառույցների միջև, այնպես էլ տարբեր երկրների միջև: Այդ նպատակով Հայաստանը 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրել է  Եվրոպայի խորհրդի «Բժշկական ապրանքների կեղծման և առողջապահության ոլորտում նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի» կոնվենցիան: Հաշվի առնելով հայկական կողմի մասնագետների ակտիվ մասնակցությունը կեղծ դեղերի դեմ պայքարի աշխատանքներին, Եվրոպայի խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը ՀՀ առողջապահությւան նախարարության հետ համատեղ կազմակերպել է ԱՊՀ երկրների ոստիկանությունների, դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների և մաքսային մարմինների աշխատակիցների համար 2012թ. նոյեմբերի 8-9-ին խորհրդաժողով-դասընթաց, որն իր դերը կունենա կեղծ դեղերի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու համար: Ապագայում ևս` հիշյալ կոնվենցիայի շրջանակներում միջազգային համագործակցությունը այս ոլորտում նախատեսվում է առավել ակտիվացնել:

ՄԻՊ — Առկա են եղելբազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:

ԱՆ-Հաշվի առնելով այն, որ բուժօգնության արդյունավետության ապահովման համար կարևոր նշանակություն ունի պացիենտ-բուժաշխատող հարաբերություններում փոխադարձ հարգանքի ու վստահության ապահովումը, առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բժշկական էթիկայի օրինակելի կանոնները և բժշկական էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության օրինակելի կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների էթիկայի նորմեր, որոնք համընդհանուր կլինեն ինչպես ավագ, այնպես էլ միջին և կրտսեր բուժանձնակազմի համար: Վերոնշյալ իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մատուցվող ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության, որակի,  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող-պացիենտ հարաբերություններում վստահության, հարգանքի մակարդակի բարձրացում, բժշկական էթիկայի հանձնաժողովների ստեղծում, արդյունքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և պացիենտների իրավունքների պաշտպանության նոր գործիքների ստեղծում:

ՄԻՊ-  Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:

ԱՆ — «Բժշկական սխալ» հասկացության սահմանման հետ կապված պետք է նշել, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այս հարցում չկա միջազգայնորեն  ընդունված միասնական մոտեցում: Այդուհանդերձ խնդիրը ոչ թե «Բժշկական սխալի»` ՀՀ օրենսդրությամբ սահմանումն է, որը ինքնին բարդ ընթացակարգ չէ, այլ ՀՀ-ում ընդունված բժշկական չափորոշիչների /ստանդարտների/ բացակայությունը, ինչի պարագայում հնարավոր չէ պարզել բուժաշխատողի արարքում սխալը առկա է, թե ոչ,  քանի որ հիվանդությունների ախտորոշման, բուժման հստակ ուղեցույցներ չկան, որոնց հետ համեմատելու արդյունքում պարզ կդառնա բուժաշխատողի կողմից նման սխալ թույլ տրվել է, թե ոչ: Պետք է նկատի ունենալ, որ նման ստանդարտների  մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է, որի իրականացումը նաև բավականաչափ ժամանակ կպահանջի: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բժշկական չափորոշիչների փուլ առ փուլ մշակման գործընթացը: 2012 թվականից սկսած ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սկսվել է բժշկական ստանդարտների մշակման և ներդրման գործընթացը:

ՄԻՊ- Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև 6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող` «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագիծը:

ԱՆ — ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է «Երե¬խա-ներին կրծքով սնուցման խրախուսման և ման¬կա¬կան սննդի շրջանա¬ռու¬թյան մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչը չափաչանց կարևոր է նորածինների և մանուկների առողջության պահպանման և բարելավման, մի շարք հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից: Պետք է նշել, որ հիշյալ օրենքի նախագիծը մշակվել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից` ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային կառույցների մասնագետների մասնակցությամբ, որի վերաբերյալ ՀՀ կառավարությունը տվել է իր դրական դիրքորոշումն ու նախագծի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկություններ ներկայացրել: Նախագիծը ԱԺ-ում լրամշակվել է, իրականացվել են հանրային լսումներ: Ներկայումս, այն արդեն իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ:

ՄԻՊ — Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:

ԱՆ- ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բնակչության սահմանված սոցիա¬լա¬կան խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի պարզեց¬ման և բարե¬լավման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է բարելավել բնակչության սահմանված սոցիալական խմբերին դեղերի ապահովման գործընթացը` սպասարկման և մատակարարման առավել պարզ և արդյունավետ համակարգի ներդրման ճանապարհով:

Հայեցակարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկի վերանայումն է, նոր ցանկի հաստատումը, որը հնարավորինս պետք է ընդգրկի բնակչության անապահով խավը (ցանկում սոցիալական խմբերի տարանջատում, պետության կողմից ֆինանսավորման մակարդակների համապատասխան տրամադրվող դեղերի 2 փաթեթի մշակում, բժշկական կազմակերպությունների կարիքների համար իրականացվող դեղերի գնման գործընթացի վերահսկման արդյունավետության բարձրացում,  ամբուլատոր պայմաններում կիրառվող ախտորոշման և բուժման հաստատված ստանդարտների կիրառման ապահովում, հիմնական դեղերի ցանկի վերանայում, նոր ցանկի մշակում, որը հնարավորություն կընձեռի բժիշկներին, սահմանված կարգի խախտումներ չանելով, նշանակել ժամանակակից և արդյունավետ դեղեր):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման նախագծի լրամշակված տարբերակը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ, որը կբարելավի բնակչության սահմանված սոցիալական խմբերին դեղերի ապահովման գործընթացը, համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվելու անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերից: Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է ներդնել դեղերի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովման նոր երաշխիքներ և մեխանիզմներ:

ՄԻՊ- Դեռևս իր լուծումը չի ստացել առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցման ապահովման խնդիրը:

ԱՆ-Առողջապահության բյուջեի աճին համընթաց ՀՀ առողջապահության նախարարությունը կընդլայնի նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող այն միջամտությունների ցանկը, որոնք 0-7 տարեկան երեխաների համար կիրականացվեն անվճար:

ՄԻՊ- Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:

ԱՆ-ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը աշխատում է շուրջօրյա (24 ժամ) գրաֆիկով: Ծառայությունում  արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում և քննարկվում են, քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին տրվում են սպառիչ պատասխաններ և ստանում համապատասխան լուծումներ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ «Թեժ գիծ» ծառայության նկատմամբ ազգաբնակչության վստահությունը մեծացել է: Դրա մասին են վկայում հեռախոսազանգերի աճն ու հարցադրումների ակտիվությունը` 2012 թվականին «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 6650 հեռախոսազանգ, 2011-ին` 4622:

Տարվա ընթացքում նախարարությունում աշխատանքներ են տարվել ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես` «Թեժ գիծ» ծառայությանը հատկացվել է լրացուցիչ աշխատողի հաստիք, տրամադրվել է լրացուցիչ հեռախոսահամար, հետադարձ կապն ապահովելու համար: Աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար ներդրվել է հեռախոսազանգերի ձայնագրման և ավտոմատ ինքնապատասխանիչների մեխանիզմ: Սա նաև հնարավորություն է տալիս արխիվացնելու բարձրացված խնդիրների ու ստացված լուծումների մասին տեղեկատվությունը: Միաժամանակ` քաղաքացին տեղեկացվում է ձայնագրման մասին, ինչը լրացուցիչ երաշխիք է, որ հնչած հարցը չի մնա անհետևանք: 2012-ից գործում են ներքին հեռախոսահամարներ առանձին դեպքերում քաղաքացիների և վարչությունների միջև ուղիղ կապ ապահովելու նպատակով: Ծառայությունն ընդլայնելու նպատակով բացվել է էլեկտրոնային հասցե` [email protected], որը ևս հնարավորություն է տալիս մտահոգիչ հարցերը բարձրաձայնելու: Էլեկտրոնային փոստով ստացված բոլոր նամակները սահմանված ժամկետում ուսումնասիրվում են և պատասխանվում:

Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում ստեղծվել է դարան, որտեղ տեղադրվում է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված հեռախոսազանգերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: 

Նախորդ հոդվածը‘Հանրահայտ անձինք մասնակցել են Մոնակոյի արքայական ընտանիքի կազմակերպած պարահանդեսին’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադը արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք է հռչակվել’