‘Առողջապահության ոլորտում առկա է կաշառակերության բարձր մակարդակ. Մամուլ’

871

ՀՀ Առողջապահության նախարարությունը մոտ 4 միլիոն դրամ է ծախսել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ դասընթացների կազմակերպման, վարակի հարցերով համաճարակաբանական ծառայությունների և հետազոտությունների տրամադրման համար, իսկ ավելի շատ՝ 5 միլիոն, այդ միջոցառումների կատարման վերահսկման համար:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացել է նախարարության և մի շարք քաղաքացիների միջև կնքված պայմանագրերից: Ավելի շատ գումար վերահսկողներին է փոխանցվել, քան՝ իրազեկման և հետազոտման ծառայություն իրականացնողներին: Իսկ վերահսկողները ոչ թե ընկերություններ են, այլ՝ քաղաքացիներ: Դասընթացներ անցկացնելու համար դասընթացավարները ստացել են 342 հազարական դրամ, վերահսկողները՝ 994 հազարական դրամ:

Նախարարությունը, փաստորեն, փող է տալիս մեկին՝ որոշակի ծառայություններ մատուցելու, ավելի շատ մեկ ուրիշին՝ մոնիտորինգի համար: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

iLur.am-ը իր կողմից ստիպված է կրկրն հիշեցնել նախարար Դերենիկ Դումանյանին, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերին՝ առողջապահության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության կարծիքով՝ բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներն ամենաշատը արձանագրվում են հենց առողջապահության ոլորտում: Սարգսյանը նաև նշել էր, որ ոլորտում առկա է կաշառակերության բարձր մակարդակ: Իսկ դրանից մի քանի օր առաջ կառավարության ողջ կազմին հավաքած և ամոթանք տվող Սարգսյանը ասել էր հետևյալը. «Ո՞նց կարելի է դեղերի շուկան էդպես թողնել: Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես, դա առաջինը քո խնդիրն ա, առաջինը: Քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն այդտեղ, ինչպես պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Չի երևում»:

Հասկանալի է նաև, որ Դերոն էլ շատ լավ հասկանում է՝ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունները անում է «Սիրուն չէ» շոուի շրջանակներում, և մեծ հաշվով՝ թքած ունի վերջինիս ասածների վրա: Դե իսկ կոռուպցիոն սխեմաների արանքում կարելի է աշխատելու պատրվակ ստեղծել՝ «Մեկ ա՝ ով ա խորանալու» տրամաբանությամբ:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա-Մեքսիկա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Փողի նոր երակ են գտել. Մամուլ’