‘«Առողջ սունկ» ՍՊԸ-ն տուգանվել է 300.000 դրամով’

630

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում ՀՀ ԲՆ իրականացրած ստուգումների վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա 21.07-08.08.2014թ. ստուգումներ են  անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է  սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է  գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով:

Ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության): Հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք և հանձնարարական՝ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ:

«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ, ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ պարտավորվել է իրականացնել մի շարք միջոցառումներ հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի  4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը «իրար է եկել» այն բանից հետո, երբ Նուռնուսի բնակիչները մի քանի անգամ բողոքի ցույց են անցկացրել, այդ թվում նաև կառավարության շենքի մոտ:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը հիասթափված է Լատվիայի հետ հանդիպման արդյունքից, բայց ոչ Հայաստանի խաղից’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից. Լիսկան կրկին պաշտոն կստանա՞’