‘
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխման դեմ բողոքող առևտրականները այսօր կրկին կհավաքվեն Ազգային ժողովի դիմաց: Ցուցարարների թվում են Երևանի «Ֆիրդուսի», «Հայրենիք» տոնավաճառների, Վարդանանց փողոցի տնտեսական շուկայի (Գնունու) առևտրականները, ինչպես նաև՝ «Բաղնիքի» ոսկու շուկայի աշխատակիցները՝ չնայած շուկայի սեփականատեր Վաղարշակ Աբրահամյանը օրերս սպառնում էր ջարդուփշուր անել վաճառակետերը:
Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություններ կատարելու հարցով այսօր արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը արդեն հավաքվել է 30 ստորագրություն: Այդ մասին մեզ հետ զրույցում նշել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտնել էր նաեւ, որ անհրաժեշտ մնացած ստորագրությունները, (արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն) կհավաքվեն այսօր, ինչից հետո ժամը 18:30-ին կհրավիրվի արտահերթ նիստ:
Նշենք նաեւ, որ երեկ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկաններն այցելել էին տոնավաճառներ և նրանցից ոմանց բերման ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին։
‘