‘Ասադը կմասնակցի 2014-ի ընտրություններին’

581

Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ֆեյսալ Մակդադը հայտարարել է, որ Բաշար Ասադը մտադիր է «ընդհանուր հիմունքներով» մասնակցել 2014 թ. կայանալիք ընտրություններին:

Մակդադի խոսքերով՝ Ասադը պատրաստվում է առանցքային դեր խաղալ իշխանության փոխանցման ցանկացած գործողության ժամանակ: Պաշտոնակատարը համոզված է, որ նախագահի ծրագիրը արտացոլում է համերաշխության շուրջ բանակցություններ սկսելու՝ սիրիացի ժողովրդի կամքը, հայտնում է РБК-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ասադը նախորդ 7 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդես եկավ հրապարակային ելույթով: Իր ելույթում Ասադը տարածաշրջանի տերություններից պահանջեց դադարեցնել սիրիական ընդդիմության ֆինանսավորումը և նշեց, որ այս նախապայմանի կատարումից և Սիրիայի  սահմանները կարգի բերելուց հետո միայն պատրաստ է անցնել քաղաքական դաշտի բարեփոխումներին և նոր կառավարության ձևավորմանը:

Սակայն սիրիական ընդդիմության առաջնորդները մերժեցին Ասադի ծրագիրը՝ այն անվանելով ամբոխավարության դրսևորում:

Նախորդ հոդվածը‘Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աստիճանաբար աճում է’
Հաջորդ հոդվածը‘8-ամյա աղջնակը՝ պայմանագրային զինծառայողի ոտնձգության զոհ’