‘
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան NBC News հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ոչ մի անգամ իր հետ չեն քննարկել իշխանությունը հանձնելու հարցը:
«Նրանք ոչ մի անգամ բառ անգամ չեն ասել այդ մասին»,- հայտարարել է Ասադը: Սիրիայի նախագահի խոսքով՝ իրեն ամենևին չեն անհանգստացնում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կարող է գործարք կնքել Պուտինի հետ, որն Ասադին կստիպի հեռանալ պաշտոնից: Ըստ Ասադի՝ Մոսկվայի քաղաքականությունը հիմնվում է ոչ թե գործարքների, այլ իրական արժեքների վրա, ուստի նրան չի վախեցնում այն համաձայնությունը, որ կարող են ձեռք բերել Մոսկվան և Վաշինգտոնը: Ասադը Ռուսաստանի և Սիրիայի փոխհարաբերությունները բնորոշել է որպես բաց և ազնիվ հարաբերություններ, նա ասել է, որ մշտական կապ է պահպանում Ռուսաստանի նախագահի հետ:
Ջոն Քերին Մոսկվա կժամանի հինգշաբթի, նա հանդիպելու է նախագահ Պուտինի և արտգործնախարար Լավրովի հետ, որպեսզի, ինչպես հաղորդվում է, քննարկի իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:
Փոխանցում է BBC-ն:
‘