‘Ասկերանում խելագարված զինվորին ՊՆ-ն 10 հազար դրամ օգնություն է խոստացել’

1385

Ասկերանի զորամասում խելագարված ժամկետային զինծառայող Հովհաննես Վարդանյանի հայրը ՀՀ պաշտպանության նախարարությունից իր որդու բուժմանը օգնելու վերաբերյալ դիմումին գրավոր պատասխան է ստացել, որ «Պաշտպանության նախարարությունը նրանց 10 հազար դրամ կտրամադրի, եթե ֆոնդում գումար լինի»: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց զինծառայողի հայրը` Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` այս ողջ ընթացքում իրենք միայն խոստումներ են ստացել Պաշտպանության նախարարությունից, բայց օգնություն չեն ստացել: «Այդ գումարով ես միայն իրանց մոտ կարող եմ հասնել: Պաշտպանության նախարարությունից ասել էին, որ կվճարեն հիվանդանոցի ծախսը, անգամ ասեցին, որ արդեն գումարը փոխանցվել է, սակայն պարզվեց, որ ոչ մի գումար էլ չկա հաշվին, հիմա էլ ասում են, արի հերթագրվի, Հովհաննեսին տուն տանք: Ես աշխատում եմ ու իրանց մոտ ժամեր շարունակ հերթ կանգնելու ժամանակ չունեմ»,-ասաց նա: 

Վ. Վարդանյանի խոսքով` իր որդու մոտ ախտորոշել են շիզոֆրենիա և տեղավորել Նորքի հոգեբուժարան, սակայն այնտեղ երկար չի թողել որդուն, որովհետև մի սենյակում 40 այլ հիվանդների հետ է եղել: Հիմա Հովհաննեսը օրական 4 անգամ դեղ է ընդունում, նաև բուժում անցնում հոգեբույժ Բակունցի մոտ: Ասում է, որդուն հնարավոր է բուժել Գերմանիայում երկու տարվա ընթացքում, սակայն այդքան գումար չունի: Նշենք, որ ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով: 

Նախորդ հոդվածը‘Եռանախագահները հայտարարություն կստորագրեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել Կոնգրեսի ՀԽ նիստում. Տեսանյութ ‘