‘Ասկերանում քաղաքապետ են ընտրում’

736

Այսօր ԼՂՀ Ասկերան քաղաքը նոր քաղաքապետ է ընտրում: Առաջադրված երկու թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանն է, իսկ մյուս թեկնածուն փոխքաղաքապետ Համլետ Ղազարյանը, հայտնում է aparaj.am-ը:

Թիվ 1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի խոսքերով` ընտրությունները ընթանում են նորմալ, խախտումներ առայժմ չեն արձանագրվել: Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկել է  400 քաղաքացի, ընդհանուր քվեարկողների թիվը 1582 է:

Երկու թեկնածուների վստահված անձանց՝ Արմեն Ղայամյանի և Արամ Գաբրիելյանի խոսքերով` մինչև ժամը 12:00-ը որևէ ընտրախախտում, խնդիր չեն նկատվել:

Ժամը 11:30-ին քվեարկել է Ալյոշա Գաբրիելյանը ընտանիքի անդամների հետ:

«Հնարավորություններս բարձր եմ գնահատում, այլապես չէի առաջադրվի: Ծրագրեր ունեմ դեռ իրականացնելու, դրա համար ևս մեկ անգամ առաջադրվեցի: Ապագայում մեր քաղաքը ավելի բարեկարգ, պայծառ եմ տեսնում, կյանքի որակը` ավելի բարձր, դրա համար կամք ու եռանդ է պետք, որը ես ունեմ: Այն ես ստանում եմ իմ քաղաքի բնակիչներից, նամանավանդ երիտասարդներից: Առաջիկա ծրագրերս հիմնականում կապված են հենց երիտասարդության հետ»,- ասել է  Ալյոշա Գաբրիելյանը:

Նախորդ հոդվածը‘Հերթական բարբարոսությունը Երևանում(լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի անդառնալի կորուստները’