‘Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո Քիշնևը կբանակցի ՌԴ-ի հետ’

736

Մոլդովան և Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնեն, երբ նոյեմբերի վերջին  Քիշնևը նախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ,  РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն: «Սկազբունքորեն՝ մենք արդեն պայմանավորվել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ համաձայնագիրը նախաստորագրելուց հետո մեծ շահագրգռությամբ խորհրդակցություններ կանցկացնենք, այսպես ասած՝ ավելի լավ միմյանց հասկանալու նպատակով»,- ասել է  վարչապետը:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, իսկ կստորագրվի 2014 թ. սեպտեմբերին:

«Երբ մենք սկսեցինք քննարկել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, մեզ մոտ այդ ժամանակ գործում էր ազատ առևտրի գոտին՝ ԱՊՀ շրջանակներում,- նշել է Մոլդովայի վարչապետը:- Մենք հստակ և մանրակրկիտ քննություն ենք անցկացրել՝ որևէ հակասություն հայտնաբերելու նպատակով: Սակայն համոզված ենք, որ որևէ հակասություն չի կարող լինել, քանի որ, նախ, մենք բոլորս Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ ենք, և երկրորդ՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի մտնելու հիմնական սկզբունքներից մեկը, այսպես կոչված՝ անցումային ժամանակաշրջանն է: Իսկ դա նշանակում է, որ 7-10 տարվա ընթացքում հնարավոր է ընտելանալ նոր պահանջներին», ասել է Մոլդովայի վարչապետը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Շահբազյան. Թե ՌԴ իշխանությունները որքան էին հարգում Լևոն Տեր-Պետրոսյանին’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են’