Աստանան Մոսկվայի հետ բանակցություններ կանցկացնի՝ Ղազախստան ժամանող մեծ թվով ռուսաստանցիների խնդիրը լուծելու համար, հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Վերջին օրերին մեզ մոտ Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս։ Նրանց մեծ մասը ստիպված հեռացել է անելանելի իրավիճակի պատճառով։ Մենք պետք է հոգատարություն ցուցաբերենք և ապահովենք նրանց անվտանգությունը։ Դա քաղաքական և մարդասիրական հարց է։ Ես կառավարությանը հանձնարարել եմ ձեռք առնել անհրաժեշտ միջոցառումներ»,- երեքշաբթի Թուրքեստանի հասարակության հետ հանդիպման ընթացքում ասել է Տոկաևը։
Նախագահի խոսքով՝ «արտասահմանից ժամանողներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, սակայն նրանք որևէ արտոնություն չեն ստանա, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի օրենքի և մեր պարտավորությունների համաձայն»։
«Մենք բանակցություններ կանցկացնենք ռուսաստանյան կողմի հետ և այդ խնդիրը կլուծենք՝ ելնելով մեր երկրի շահերից»,- հայտարարել է Տոկաևը։ Նա հիշեցրել է ղազախական ասացվածքը՝ «Հարևանների հետ բարի հարաբերությունները հանգստության գրավականն են»։
Փոխանցում է ria.ru-ն։