‘Աստծո իշխանահաճո սպասավորները’

1462

   «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 30-ի համարից տեղեկանալով, որ, ըստ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարության, կաթողիկոսը իշխանություններին դիմումներ է ուղղել ՀՀ քաղբանտարյալների ազատ արձակելու միջնորդությամբ (նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի պարագայում).  պարտքս եմ համարում իրականությունը պարզորոշ դարձնելու նպատակով ներկայացնել հետեւյալը.

    «Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտնված քաղբանտարկյալների կազմում էր  նաեւ Վարդան Ղավալբաբունցը՝ պարկեշտ ու բարեկիրթ մի անձնավորություն: Մինչ հանիրավի ազատազրկվելը, Վարդանը աշխատել էր Էջմիածնում, որքան հիշում եմ՝ որպես Եզնիկ սրբազանին կցված մեքենայի վարորդ:  Վարդանը վաղ երիտասարդական տարիքում վարել էր նախկին ՆԳ նախարար, հարգարժան Վանո  Սիրադեղյանի ծառայողական ավտոմեքենան:

  Մարտի մեկին Վարդանը մի շարք երիտասարդների հետ՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, գնացել էր կանխելու քաղաքապետարանի մոտ ներդրված սափրագլուխների կազմակերպած սադրանքը (վերջիններս ծեծի էին  ենթարկում քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկաններին):

  Քրեական գործի հիմքում  դրված էր ծեծված ոստիկանի ցուցմունքը՝ըստ որի, երբ գետնին ընկած վիճակից  նա  բարձրացրել էր գլուխը, տեսել էր  գլխավերեւում կանգնած  Վարդանին՝ ձեռքերը բարձր պահած, եւ գործին կցված էր ոստիկանի նկարագրածին համապատասխանող մի լուսանկար:

  Վարդանին ՀՔԾ-ում ղեկավարների մասնակցությամբ ծեծելով՝ ստիպել էին ցուցմունք գրել, որ ինքը պայքարի հրապարակում է հայտնվել Եզնիկ սրբազանի պահանջով: Վարդանը չէր ենթարկվել ռեժիմի ներկայացուցիչների ստոր պարտադրանքին  եւ հայտնվել էր բանտում:

    Բանտարկությունը չխոչնդոտեց Վարդանին, որպեսզի վերջինս իր կապերով ձեռք բերի հենց այն տեսագրությունը, որից տպագրված էր քրեական գործին կցված լուսանկարը:  Անձամբ դիտել եմ այդ տեսագրությունը, ուր հստակ պատկերված է Վարդանի ամբողջ շարժն ու գործողությունները: Պարզորոշ երեւում է, թե ինչպես է վերջինս մոտենում գետնին տապալված ոստիկանին հարվածող սափրագլխին եւ փորձում  զսպել նրան: Սափրագլուխը շրջվում ու այնպիսի ուժգնությամբ է  հարվածում Վարդանի դեմքին,որ վերջինս  ցնցվում է՝ հետ-հետ գնալով ու  բնազդաբար բարձրացնելով ձեռքերը,  հազիվ  պահպանում  հավասարակշռությունը: Ահա հենց վերջին այս դրվագն էր պատկերված քրեական գործին կցված լուսանկարում: Այսինքն լուսանկար կցող մարմնի ձեռքի տակ եղել էր Վարդանի անմեղությունը հաստատող տեսագրությունը, սկայն նրանք  կատարել էին քաղաքական պատվեր:  Քաղաքական պատվեր  կատարեցին նաեւ դատական ատյանները, որոնք հրաժարվեցին հետազոտել պաշտպանական կողմի ներկայացրած տեսագրությունը: Բայց սա այլ թեմա է:

   Վարդանը հիշյալ տեսանյութը փոխանցեց Եզնիկ սրբազանին:

  Վերջինս այն դիտելուց հետո ոգեւորված  փոխանցել էր,  թե անմեղությունը  ապացուցող  տեսագրությունը առաջիկա օրերին կներկայացնի Վեհափառին  եւ  համոզմունք էր հայտնել,  որ այնուհետեւ  հաշված օրերի ընթացքում  կլուծվի Վարդանի ազատության հարցը : 

   Վարդանը ոգեւորված էր ավելի, քան հնարավոր էր պատկերացնել: Սակայն որոշ ժամանակ անց տխրեց  ու տեւական ժամանակ թաքցնում էր տխրության պատճառը: Մի օր էլ,  շատ համառելուս արդյունքում, խոստում կորզելով, որ գաղտնիք կպահեմ, պատմեց հետեւյալը: Վեհափառը, տեղեկանալով եղելության մասին, Եզնիկ սրբազանին ասել էր. «Ասա թող ներման դիմում գրի»: Սրբազանը խնդրել էր Վարդանին գաղտնի պահել այդ տեղեկությունը:

   Եթե չլիներ հիշյալ հայտարարությունը, ես  չէի խախտի տվածս խոստումը: Այնուամենայնիվ հայցում եմ ընկերոջս ներողամտությունը:

          Հ.Գ.  Համոզված եմ՝ նաեւ հոգեւոր առաջնորդների նման վարքագծից է սնանկանում Սերժիկ Սարգսյանի ու նրա միջավայրի մտածելակերպը, եւ դրանից է, որ վերջիններս արհամարհելով իրենց իսկ կողմից իրագործած, իրենց ճակատներին խարանված հայտնի իրողությունները՝ (Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժի  նկատմամբ բռնություն  գործադրելը, այդ ընթացքում առնվազը տասը  անմեղ մարդ սպանելն ու հաշվենկատորեն սպանությունը չբացահայտելը,  բազմաթիվ մարդկանց հանիրավի ազատազրկելն ու տարիներով բանտերում պահելը, վերահսկելի մեխանիզմների գործածությամբ եկամուտ վաստակելու հնարավորությունից զրկելու եւ այլ սպառնալիքներով ու ընտրակաշառքով  մարդկանց  քվեարկություն պարտադրելն ու բարոյազրկելը, դրա հետեւանք՝ համատարած վախն ու անտարբերությունը, կոռուպցիայի ու մենաշնորհների արմատավորման, ինչպես նաեւ՝ ազատ մրցակցության բացակայության հետեւանք աղքատությունն ու արտագաղթը եւ այլն)  արտաքին աշխարհի համար ցուցադրվող թատերականացված  քարոզարշավի  ընթացքում գործածում են իրենց  էության հետ անհամատեղելի արտահայտություններ. խոսում են մրցակցային դաշտից,  ազատ ընտրություններից-բանից:

 Իսկ  Սերժիկ Սարգսյանը  Արարատի մարզում հայտարարում է. «Ազատ Հայաստանը կարող է լինել ապահով  Հայաստան, ազատ՝ պաշտոնյաների եւ գործարարների կամայականություններից, ազատ՝ ապօրինություններից ու բռնությունից, ազատ՝ գրաքննությունից եւ հավատաքննությունից, ազատ՝ օրենքի եւ արդարադատության խտրական կիրառումից, ազատ՝ անբարտավան ու սկսնակ  գործիչների սին խոստումներից…»

 Լսելուց շրջապատիս մոտ տպավորություն ստեղծվեց, թե Սերժ Ազատիչը հորն էր հիշել:


 

3.02.2013թ.

Դավիթ Մաթեւոսյան,

Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն իր շանսերի մասին՝ «Ինչքան ուզես՝ էնքան կխփեմ» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեյլը անկասելի է’