‘
Գալիք կապույտ այծի տարին կանացի էներգիա ունի և բարենպաստ է կենդանակերպի շատ նշանների համար: Այդ մասին դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Վերջինիս կարծիքով, գալիք տարին հաջողություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են կամք և ուժ դրսևորել, ովքեր չեն վախենա ռիսկի դիմել: Սակայն այն նաև էներգիայի կուտակման տարի է, քանի որ հաջորդ երեք տարիները կլինեն բավականին բարդ:
Աստղաբանի համոզմամբ, խոյերին բարդ տարի է սպասում, քանի որ նրանք կունենան էներգիայի կորուստներ, որոնք տարեվերջին կփոխհատուցվեն երջանկության մշտական փոքր առիթներով: «Ցուլերին սպասվում է հետաքրքիր տարի, քանի որ հաջողությունը նրանց կուղեկցի աշխատանքային գործունեությունում, և ֆինանսական վիճակն զգալիորեն կբարելավվի: Այծի տարին հաջող կլինի նաև երկվորյակների համար. նրանց խոսքը հատուկ զորություն կունենա և կհանգեցնի հաջողությունների տարբեր ոլորտներում», — նշել է էզոթերիկը: Իսկ խեցգետինները կհաղթահարեն բազմամյա անկումային տրամադրությունը և հաջողության կհասնեն աշխատանքային գործունեությունում: Առյուծները գալիք տարում առանց մտածելու կարող են ռիսկի դիմել, քանի որ բոլոր վտանգավոր իրավիճակները հաջողությամբ կպսակվեն:
Իսկ կույսերին հաջողություն է սպասվում ճանապարհին: Տարին խոստանում է առավել հաջող լինել նրանց համար, ովքեր ավելի շատ կճանապարհորդեն:
Այծը բարեհաճ կլինի նաև կշեռքների նկատմամբ, քանի որ նրանց բոլոր հանդուգն նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն: Նրանք շատ էներգիա են կուտակել և գալիք տարի առանց մեծ ջանք գործադրելու կարող են հասնել փայլուն հաջողության:
Կարիճներին, ինչպես և խոյերին, բարդ տարի է սպասվում, նրանք նույնպես էներգիա կկորցնեն: Կարիճներին խորհուրդ է տրվում հաջորդ տարի չճանապարհորդել, քանի որ հենց այդ գործընթացում մեծ քանակությամբ կենսական էներգիա կկորսվի: Այդ նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տվում զբաղվել ստեղծագործական գործունեությամբ:
Աղեղնավորի նշանի տակ ծնվածներին, ինչպես և կշեռքներին, փայլուն հաջողություններ են սպասվում: Այդ նշանի տակ ծնված թե կանանց, թե տղամարդկանց հաջողությունը կուղեկցի ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքային գործունեությունում:
Այծեղջյուրները նոր տարում կարող են նոր գործ սկսել, կյանքի կոչել իրենց երազանքները ստեղծել ընտանիք: Աստղերը նրանց կպաշտպանեն: Ջրհոսի նշանի տակ ծնվածներին այծը խոստանում է փոփոխություններ: Նրանք, վերջապես, հավասարակշռության կհասնեն և կհանգստացնեն հոգում կուտակված կրքերը:
Ձկներին առողջությանն առնչվող բարդություններ են սպասվում: Եթե նրանք ցանկանում են հաջողության հասնել, ապա տարեսկզբին պետք է կամքի ուժ դրսևորեն և հետևեն ինտուիցիային` տարեվերջին կորուստներ չունենալու համար, նշել է աստղաբան-էզոթերիկը:
Նա ընդգծել է, որ 2015 թվականի գույները կլինեն կարմիրն ու կանաչը, մետաղը` երկաթը, քարը` ամեթիստն ու լեռնային բյուրեղապակին: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
‘