‘Ասք Սերժ Սարգսյանի մտահոգությունների մասին ‘

2624

Ուրեմն, շատ մազալու բան է տեղի ունեցել: Էս Սերժը՝ Սարգսյան, օրերս այցելել է Հանրային խորհուրդ: Հասկանում ենք՝ էդ լուրն արդեն իսկ խնդալու է: Բայց սպասեք: Սա դեռ ամենը չէ:  Սա դեռ ծաղիկն է: Իսկ խնդալուն դեռ առջեւում է: Ուրեմն, էս Սարգսյանը այցելել է խորհուրդ, հանդիպել է էդ խորհրդի անդամների հետ, նախագահականը տարածել է համապատասխան հաղորդագրություն, բայց որեւէ տեսանյութ՝ Սարգսյանի ելույթով, հարցերին տված պատասխաններով՝ այդպես էլ չենք տեսել: Ու ահա, հանդիպումից հետո տեղի է ունեցել զավեշտալին: Հանրային խորհրդի անդամները սկսել են հարցազրույցներ տալ եւ, ուշադրությո՛ւն՝ ՊԱՏՄԵԼ, թե ինչ է այդ հանդիպման ժամանակ ասել Սարգսյանը: Այսինքն՝ փոխանակ մի տեսախցիկ դնեին, էդ ամբողջ հանդիպումը նկարահանեին, հետո էլի՛ իրենց ձեւերով մոնտաժեին ու եթեր տային, նախընտրել են ելույթը փոխադրությամբ վերապատմելու տարբերակը: Ու հիմա, մե՛կ նախագահ (սխալ չհասկանաք՝ Հանրային խորհրդի, էլի բան է) Վազգեն Մանուկյանն է պատմում, թե ինչ է իրենց ասել Սերժ Սարգսյանը, մե՛կ էլ, ահա, հայտնվում է Ժուռնալիստների միության (հո չե՞ք մոռացել, որ էդպիսի կառույց կա) նախագահ, Հանրային խորհրդի ու Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը, եւ մե խի՜նդ, մե քե՜ֆ-ուրախությամբ հարցազրույց տալիս այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը, ինչ է ասել Սարգսյանն, ու ինչ են զգացել այդ պահին իրենք: Ու ահա, պարզվում է, Սարգսյանը խոսել է առանց թղթի, բայց ըստ ՀԽ անդամների՝ ոչ մի կիքս թույլ չի տվել (ինչը զարմանալի ու անհավատալի է, քանի որ գիտենք, թե սովորաբար ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշում է խոսել առանց գրավոր տեքստի), ու չնայած կիքս, իրենց խոսքով, չի եղել, բայց հանդիպման տեսագրությունը ցույց չեն տալիս, իրենք նախընտրում են պատմել, այս դեպքում՝ մեկնել Սարգսյանի խոսքերը: Բացի այդ, ըստ Գեւորգյանի՝ Սարգսյանը եկել ու իրենց համոզել է, որ եթե ինչ-որ բան չի արվում, չի արվում ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում, այլ որովհետեւ, ուշադրությո՛ւն, «այս-այս պատճառներով չի արվում»: Հետո պարզվում է՝ խոսել են սահմանային միջադեպերի մասին, արտագաղթի մասին, կուտակային կենսաթոշակների, էլեկտրաէներգիայի թանկացման մասին, ու բոլոր հարցերի կապակցությամբ Սարգսյանը մտահոգություն էր, որ հայտնում էր: Բայց ամենազավեշտալին այն է, որ Սարգսյանը, ըստ ժուռմիության նախագահի, բացի մտահոգությունից՝ նաեւ իրենց բացատրում էր, թե այս կամ այն բանն ինչու է արվում, ու իրենք հասկանում էին Սարգսյանին: Հետո էլ Գեւորգյանն ասում է, թե Սարգսյանը թեեւ մի անգամ ժամացույցին է նայել, բայց ոչ այն պատճառով, որ ուզում էր հանդիպումը շուտ ավարտվեր, ու գնար, նա երկար զրուցում էր իրենց հետ, իսկ իրենք էլ, փաստորեն, գառների լռությամբ լսում էին ու հուզվում, թե ինչպես է Սարգսյանը մտահոգվում: Էն էլ ո՜նց է մտահոգվում: Նույնիսկ այն աստիճան մտահոգվեց, որ ասաց, թե սահմանային միջադեպերը կանխելու համար պետք է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը, սակայն, թանկ արժե, պատկերացնո՞ւմ եք, հատը՝ 13.5 հազար դոլար: Ու հանդիպման ոչ մի անդամ այդ ժամանակ ոտքի չկանգնեց, չասաց՝ այ պարոն Սարգսյան, էդ որ ամբողջ բյուջեն թալանում ու վատնում եք ձեր անձնական հաճույքների ու բարեկեցության համար, էդ թալանած փողերը որ իրար գումարեք՝ ամբողջ սահմանի երկայնքով 5 մետրը չէ, 1 մետրը մեկ էլ կարող եք էդ սարքերը տեղադրել: Չէ, բա ոնց կլինի: Էդ ամենը շատ կենցաղային է, քաղաքականացված է: Իսկ զրույցը հո չէի՞ն քաղաքականցնելու: Ամեն ինչ պետք է լիներ զգացմունքային մակարդակի վրա: Կենացայինից անդին ոչ մի բան չպիտի անցներ: Հայրենիքը հո հայրենիքը խնամելով չե՞ն սիրում, հո հայրենիքը պահողի բարեկեցությունը ապահովելով չե՞ն սիրում: Հայրենիքը կենացներով են սիրում, իշխանություններին քծնելով են սիրում, իշխանությունների թերությունների ու հանցագործությունների վրա աչք փակելով են սիրում, եւ,ի վերջո, եթե հայրենիքը մտահոգությամբ սիրեն ու Սերժ Սարգսյանի երեսին մի երկու քաղցր բան ասեն, բա հետո իրենց հասանելիք ամսական 2-4 հազար դոլար կերակրափայն ո՞վ է տալու: Հո աշխատավարձով չե՞ն ապրելու: Հայրենիքն, իհարկե, հայրենիք, բայց, ամեն դեպքում, սոված փորով արտագաղթող դառնալ չեն ցանկանում:

Հ.Գ. «Նա էլ էր մտահոգ՝ մեզ նման: Իմ տպավորությունն այդ հանդիպումից այդպիսին էր, որ նա էլ խիստ մտահոգ էր ե՛ւ արտագաղթով, ե՛ւ աշխատատեղեր չունենալու համար: Ինձ ուրախացրեց նախագահի տվյալները, որ ներդրումներ են գալիս Հայաստան»,- հայտարարել է տիկին Գեւորգյանը, ով նաեւ ի պաշտոնե կարող է ստուգել՝ իսկապես ներդրումները գալի՞ս են, թե՞ հակառակը՝ գնում են: Իսկ գուցե ստուգելը, չիմանալը, կամ՝ ձեւացնելը, թե ամեն ինչ լավ է, ու լռելն ավելի ձեռնտո՞ւ են: Ի վերջո, էդպես համ գայլերը կուշտ կլինեն, համ գառները՝ ողջ:

Պարգեւ Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլում ամենակոպիտ պահերի թոփ 5-ը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի.պարտությունը Սուպերգավաթի նախապատրաստական շրջանի համար լավ է’