‘Ավագանու անդամը՝ «Հաղթանակ» զբոսայգում տիրող վիճակի մասին’

728

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տիրող վիճակի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար.

««Մայր Հայաստան» հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքում տեղակայված ավտոկայանատեղի մուտք գործելուց առաջին իսկ արտաքին լուսավորության հենասյունին փակցված է վահանակ՝ «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան», «Ավտոկանգառ՝ 200 դրամ» գրառումը, որը կոչված է վարորդներին հուշել, որ «Մայր Հայաստան» հուշարձանի և բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքը 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ է»:

Նամակում նշված է նաև, որ այգու կենտրոնական մուտքից դեպի «Հիշատակի մշտական կրակ» և «Մայր Հայաստան» հուշարձան տանող քարեսալապատված զբոսանքի ծառուղում գումար է վաստակում «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի կապույտ ավտոմեքենայի տերը, ով ուսումնական մեքենայի «У» տարբերանշանը փակցրած՝ անչափահասներից ստանում է համապատասխան վարձավճար և թույլատրում է վարել մեքենան նշված ուղու ողջ երկայնքով:

Նամակի հեղինակն ընդգծում է նաև, որ զբոսայգում գիշերային արտաքին լուսավորության, ոռոգման, աղբահանության և այլ ծախսեր հոգում է քաղաքապետարանը՝ իր միջոցների հաշվին.

«Մինչդեռ «Հաղթանակ» զբոսայգին շահագործման նպատակով հանձնված է ինչ-որ կազմակերպության(ների), որը ոչ մի պայմանագրային պատասխանատվություն չունի կամ եղածն էլ չի իրականացնում, որովհետև, սուբյեկտիվ պատճառներով, վերահսկող չկա: Վերջինս(ներս) ունի(են) միայն իրավունքներ, բիզնես է անում, գումար է աշխատում, սակայն չի իրականացնում այգու վերը նշված սպասարկման ծախսերը:

Այդպիսի արտոնյալ պայմաններում 15-ամյա որդիս էլ կարող է հաջողակ ու խոշոր բիզնեսմեն դառնալ»: Նամակում նշված է նաև, որ այգու սրճարանների և այլ օբյեկտների տերերը դուրս են եկել թույատրելի սահմաններից, բետոնապատել կամ ասֆալտապատել են նույնիսկ բազմամյա հաստափոր ծառերի շուրջը՝ թողնելով մի փոքր շառավղով հողատարածք:

Արթուր Գասպարյանը քաղաքապետին առաջարկել է քաղաքապետարանի աշխատակազմում կամ ավագանու անդամներից ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի այգում առկա բոլոր խնդիրները, կիրականացնի պատշաճ վերահսկողություն, պատասխանատվության կենթարկի համապատասխան անձանց:

Ի պատասխան քաղաքապետարանի Կազմակերպական վարչությունը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի Վերահսկողական վարչությանը և մյուս համապատասխան կառույցներին հանձնարարվել է ուսումնասիրություններ կատարել «Հաղթանակ» զբոսայգում և նրա հետագա շահագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Այդ ուսումնասիրությունների ընթացքում կանդրադառնան նաև ավագանու անդամի դիտարկումներին:

Նախորդ հոդվածը‘Մարմարաշենում վիճաբանության ժամանակ 3 մարդ է դանակահարվել. Ոստիկանությունը փորձում է կոծկել հանցագործներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ’