‘
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կքննարկի մայիսի 14-ին կայացած՝ Երևանի ավագանու ընտրությունների ավագանու անդամի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 27 թեկնածու:
Դրանք հիմնականում քաղաքապետարանի գործադիր մարմիններում ընդգրկված կամ ընդգրկվելիք մարդիկ են՝ վարչական շրջանների ղեկավարները, գլխավոր ճարտարապետը, փոխքաղաքապետը եւ այլք: Ինքնաբացարկի դիմում ներկայացրած անձանց թվում ուշագրավ է դերասան Միքայել Պողոսյանի անունը: Նա, հիշեցնենք, նախընտրական շրջանում վրդովվել էր՝ տեղեկանալով, որ ընդգկված է ՀՀԿ ցուցակում, բայց, այնուհանդերձ, չէր հրաժարվել թեկնածուի կարգավիճակից: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Անուշ Նավասարդյանը՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը, որի ինքնաբացարկի պատճառն առայժմ հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ ՀՀԿ-ն, ինչպես եւ ԱԺ ընտրություններին, իր ցուցակում օգտագործում է հանրահայտ անձանց անունները՝ ավելի հեշտ ձայներ հավաքելու համար, ապա հրաժարվում է նրանց ծառայություններից:
‘