‘
Երիտհանրապետական Կարեն Ավագյանի գլխավորած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» երեկ «Ոչ Թուրքիայում հանգստին» վերնագրով ակցիա էր կազմակերպել Երեւանում, ինչի հիմքում ընկած է հարեւան երկրի բյուջեն՝ մեր քրտնաջան աշխատանքով վաստակած գումարներով չհարստացնելու, առաջին հայացքից լուրջ ռազմավարական գաղափարը:
Սակայն, երբ գաղափարը իրականացնողը ոչ միայն ռազմավարության տեսանկյունից, այլեւ բարոյական կողմից որեւէ իրավունք չունի մայրաքաղաքի կենտրոնում նմանօրինակ միջոցառումներ անցկացնել, ստիպված ես լինում անդրադառնալ այստեսակ էժանագին PR ակցիաների բովանդակությունը՝ ներկայացնելով հանրապետականի կեղծ հայրենասիրության ողջ էությունը:
Նույնիսկ ամենապարզունակ հարցումները Հայաստանում ցույց կտան, որ հասարակության մի ստվար հատված մեղմ ասած՝ դժգոհ է մեր երկրի հանգստի ոլորտի մատուցած ծառայության գներից եւ ոչ մեկի մոտ կասկած անգամ չկա, որ այս ոլորտը (իհարկե՝ ոչ միայն այս)՝ իր ողջ ենթակառուցվածքներով (հանգստյան տներ, հյուրանոցներ, առողջարաններ) գրեթե լիովին պատկանում է հանրապետական էլիտային եւ նրանց մերձավորներին: Այստեղ, ահա, փուչիկների թագավոր Կարեն Ավագյանի նախաձեռնած ակցիան տեղավորվում է ավագ գործընկերների կամ շեֆերի բիզնեսը տոնական արձակուրդի նախաշեմին լրացուցիչ խթանելու տրաբանության մեջ, ինչը, իհարկե, եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանրապետականը՝ ստեղծված տնտեսական ճգնաժամային իրավիճակում, բացառապես սեփական գրպանի մասին մտածելուց բացի ոչնչի ընդունակ չէ եւ դա՝ կրկին անում է հայրենասիրության քողի տակ:
Այսքանը Կարեն Ավագյանի մասով, որովհետեւ դժվար թե պետական բյուջեի հաշվին, թեկուզեւ փոքր ակցիայի իրականացման բուն նպատակի մասով նրան վերագրված լիներ ավելի մեծ դեր, քան ինքն է պատկերացնում:
Հաջորդիվ, առաջ է գալիս հանրապետականի «ռազմավարության» մշտական հակասականությունը, մասնավորապես Թուրքիային վերաբերող հարցերում:
Սերժ Սարգսյանը, ով՝ պետք է նշել, որ անկասկած տեղյակ էր կայացած ակցիայի մասին, (ի վերջո այդ կազմակերպությանը նախագահականն է ֆինանսավորում) տարիներ շարունակ վարած իր այսպես կոչված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության համար (եւ կրկին, իհարկե՝ ոչ միայն արտաքին) վաղ թե ուշ պարտավոր է պատասխան տալ Հայաստանի առջեւ: Երբ 2008 թվականից սկսած ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, Սերժ Սարգսյանի առանցքային գաղափարն էր առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, այդպես էլ չգտնվեց Կարեն Ավագյանի նման մի փուչիկ, ով մեր հասարակությանը կքարոզեր «Ոչ Թուրքիայում հանգստին» գաղափարը. մի՞թե այն ժամանակ զբոսաշրջության գումարներն ափսոս չէին: Ավելին, Սերժ Սարգսյանը, եթե հիշեք, չարաբաստիկ սահմանը բացելու նպատակին հասնելու համար նույնիսկ համաձայնել էր պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Բայց քանի որ անգամ այդ գնով Թուրքիան սահմանը չբացեց՝ պահանջելով նաեւ Ղարաբաղը, ապա ըստ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ եկել է Ցյուրիխյան արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելու եւ այսպիսի ակցիաներ իրականացնելու ժամանակը, ինչը սակայն, չի խանգարել Սարգսյանին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավեր ուղարկել Թուրքիայի նախագահին:
Այսինքն, ի՞նչ է ստացվում: ՀՀԿ-ների համար անգամ հայրենասիրությունն ու պետական ռազմավարությունն է շոուի եւ բազարի թեմա: Եթե իրենց քաղաքական առաջնահերթությունը պահանջում է, նրանք Թուրքիա են գովում, նույնիսկ թուրքական կողմի պահանջով հրահանգում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համազգեստի տարբերանշանից հանել Արարատը՝ թուրքերի սիրտը չկոտրելու, նրանց չնեղացնելու համար. մարդ ես, մեկ էլ տեսար՝ Արարատը տեսան, խռովեցին ու իրենց նախագահի հետ գնացին Հայաստանից՝ առանց ֆուտբոլ խաղալու: Եւ երբ այդ նույն նպատակահարմարությունը պահանջում է՝ Կարեն Ավագյանը՝ պետական փողերով փողոցներում ակցիա է իրականացնում, թե մի գնացեք Թուրքիա հանգստանալու, մի հարստացրեք մեր թշնամուն: Այն, որ ՀՀԿ-ականների համար հայրենասիրությունն էլ է PR-ի գործիք դարձել, գաղտնիք չէ: Ու դժվար թե այնպես պատահի, որ եթե եկող տարվա ապրիլին Թուրքիայի նախագահը գա Երեւան՝ Կարենի վերադաս Սերժ Սարգսյանի հետ էլ հանդիպի, ՀՀԿ երիտթեւի առաջնորդի մտքով կանցնի մի ակցիա էլ այդ հանդիպման ժամանակ անի: Չի՛ անի, անխոս, որովհետեւ այդ ժամանակ նա եւ մնացած սաքուլիկները զբաղված կլինեն Թուրքիայի ղեկավարի հետ Հայաստան եկածներին զբաղացնելով:
Սա ՀՀԿ-ն է, եւ վերջ:
Սերգո Տոնոյան
‘