‘Ավարտվել է Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը (Տեսանյութ)’

1839

Քիչ առաջ ՀԺԿ գրասենյակում ավարտվել է Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի, Ավետիս Ավագյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը: 

Հանդիպման ավարտից հետո Օսկանյանը լրագրողներին ասել է, թե հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ` Կոնգրեսի կողմից ներկայացված օրակարգերը: «Մանրամասների շուրջ առայժմ չենք խոսի, պայմանավորվածություններ դեռ չկան, ուղղակի մեր քննարկումներից ես անձամբ եկա այն եզրակացության, որ, համենանյդեպս, ընդհանրություններ կան: Սա սկիզբն է»,- ասել է Օսկանյանը` հավելելով, որ հանդիպումը շարունակություն կունենա: Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը, Օսկանյանը պատասխանել է, թե թեկնածուի հարցը կքննարկվի երկրորդ փուլում: «Նախ, ուզում ենք ինչ-որ ընդհանրական օրակարգի շուրջ խոսենք, հետո կարծում եմ, որ կարելի է նաեւ քննարկել, թե ով կլինի, բայց դա արդեն երկրորդ փուլում»,- ասել է Օսկանյանը:

Լեւոն Զուրաբյանն էլ նշել է, որ սա, կարելի է ասել, առաջին պաշտոնական հանդիպումն էր Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի միջեւ, եթե չհաշվենք երկխոսության շրջանը: «Կարծում եմ, որ հանդիպումը բավականին արդյունավետ էր, ամենակարեւոր հանգամանքն այն էր, որ առանց կաշկանդվածության եւ առանց վերապահման քննարկեցինք բոլոր հարցերը. եւ Կոնգրեսի, եւ ԲՀԿ-ի կողմից ներկայացված հարցերը: Բանակցությունները շարունակվելու են, որովհետեւ մենք ինչ-որ ընդհանրական մոտեցումներ, այնուամենայնիվ, տեսանք»,- նշել է Զուրաբյանը: Հարցին, թե արդյո՞ք ինքը բացառում է համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, Զուրաբյանը պատասխանել է. «Ինչո՞ւ պիտի բացառենք»: Իսկ թե երբ դա կարող է լինել, Զուրաբյանն ասել է, թե դժվար է ասել, բայց եթե նման որոշում կայացվի, ապա դա պետք է լինի նախագահական ընտրությունների կոնտեքստում, ինչը ամենաճիշտը կլինի: Զուրաբյանը նաեւ նշել է, որ ԲՀԿ-ի կողմից առաջարկված կառավարման խորհրդարանական ձեւի անցնելու առաջարկին վերապահումներ ունեն, որոնք ներկայացվել են: « Մենք այդ կապակցությամբ մեր վերապահումները հայտնել ենք, որովհետեւ այդտեղ, իսկապես, խնդիրներ տեսնում ենք: Չեմ կարծում, որ երկրի արատները կապված են երկրի կառավարման ձեւի հետ: Կաշառակերությունը, մենաշնորհային տնտեսությունը հնարավոր է, որ լինի նաեւ այլ կառավարման տեսակների ժամանակ: Օրինակ` Լիբերիան ստեղծման պահից ուղղակի կրկնել է ԱՄՆ Սահմանդրությունը, բայց արդյո՞ւնքը. ամենակաշառակեր, ամենամենաշնորհային, ամենաքրեապետական պետություններից մեկն է»,- ասել է Զուրաբյանը:

Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ այս համագործակցությունը վերաճի նրան, որ Կոնգրեսը ու ԲՀԿ-ն մեկ թկենածուի սատարեն, Զուրաբյանը պատասխանել է, թե «կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»: Նա նաեւ հավելել է, թե այս բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչեւ այնպիսի որոշում ընդունվի, որը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքական ուժերին համախմբվել այս ռեժիմի դեմ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանական առաջադրման հարցի մասին Զուրաբյանը ասել է, թե կարեւոր է հասկանալ, թե ինչ ռեսուրսով է թեկնածուն մասնակցում նախագահական ընտրություններին: «Հիմա այդ քննարկումները շարունակվում են, եւ այստեղ ոչ կարեւոր քաղաքական ուժեր, կամ գործիչներ չկան: Բոլորի հետ էլ պետք է հանդիպել, խոսել, որ հնարավորինս պարզ լինի ռեսուրսային պատկերը եւ թե ինչ հավակնություններ կարող ենք ունենալ, որը կլինի ամենաճիշտ ռազմավարությունը: Նպատակը մեկն է` Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, որովհետեւ Սերժ Սարգսյանի ռեժիմը կործնարար է երկրի համար»,- ասել է Զուրաբյանը: Հարցին էլ, թե արդյո՞ք այդ որոշման համար նշանակություն կունենա այսօրվա հանդիպումը, Զուրաբյանը պատասխանել է. «Բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցությունները ինչ-որ ազդեցություն ունենալու են»:

Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ տեսանյութը` շուտով:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Սարգսյան-Օլանդ հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանցի վազորդուհուն մեղադրում են բռնաբարության մեջ ‘