‘
Այսօր երեկոյան ժամը 22:07ր 14 վայրկյանին, ճիշտ նույն պահին, երբ «Կամպ Նոու» մարզադաշտում կընթանա «սուպերկլասիկո»-ի 17-րդ րոպեն և 14-րդ վայրկյանը, նույն վայրում տեղի կունենա կատալոնացի անջատողականների պլանավորած ակցիան, որի ժամանակ հանդիսականները կսկսեն վանկարկել independència (անկախություն): Իհարկե, ակցիայի մեկնարկը` րոպեն և վայրկյանը, պատահական չեն ընտրված, քանի որ հենց 1714 թվականին Անժուների տոհմի դուքս Ֆիլիպին հաջողվեց ճնշել կատալոնացի «ֆուեռոսների» ապստամբությունը և վերջնականապես ընդգրկել նրանց Իսպանիայի տիրապետության տակ: Ակցիայի իրականացմանը դեմ են արտահայտվել Մադրիդում: Մայրաքաղաքում համարում են այն հակաիսպանական, և մի շարք ֆան ակումբներ կոչ են արել «Ռեալ Մադրիդ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ի նշան անհամաձայնության, լքել մարզադաշտի ՎԻՊ-սրահը:
Ամեն դեպքում, հանդիպման քաղաքական վառ ենթատեքստը` անկախացման միտքը, կընդգծվի նաև հենց կատալոնական ակումբի կողմից. ի տարբերություն նախկին տարիների, երբ երկրպագուները ակումբի կողմից պատրաստած պաստառներով պատկերում էին Բարսայի կապտանռագույն գույները, այս անգամ դրանցով կպատկերեն հենց անջատողականների` կարմիր և դեղին շերտերով դրոշը: Իրավիճակը էլ ավելի թեժացավ Չավիի հայտարարությունից հետո, որում նա նշեց, որ անջատողականների դրոշը «Կամպ Նոու» մարզադաշտում պատկերելը փայլուն գաղափար է, քանի որ Բարսան ներկայացնում է հենց Կատալոնիան: Այսպիսով, մենք կհետևենք, հնարավոր է` բռնապետ գեներալ Ֆրանկոյի ժամանակներից ի վեր ամենաքաղաքականացված «սուպերկլասիկոյին»:
Մրցաշրջանի սկիզբն ու մերձխաղային իրադարձությունները
Բարսելոնա
Կատալոնիայում Իսպանիայի «Սուպերգավաթ»-ում կրած պարտությանից այքան էլ չհուսահատվեցին` հաշվի առնելով «Սանտիագո Բեռնաբեու»-ում տաս հոգով անցկացրած հիանալի 2-րդ խաղակեսը: Բայց ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո սկսեցին ի հայտ գալ լուրջ խնդիրներ: Թիմում անցյալ խաղաշրջանի պես վերսկսվեց վնասվածքների «համաճարակը». Ինյեստան վնասվածքով վերադարձավ հավաքականից, իսկ Պիկեի վնասվածքից հետո թիմը մնաց առանց հիմնական նոմինալ կենտրոնական պաշտպանների: Դրան գումարվեց նաև Վիլյայի և Մեսսիի վիճաբանությունը դաշտում, որը, չնայած մայրաքաղաքային լրատվամիջոցների ջանքերին, չհաջողվեց ավելի ուռճացնել: Երեք դժվարին հաղթանակներից հետո, որոնցում Բարսան փոխեց հանդիպումների ընթացքը, Վիլանովային հիշեցրին Պեպ Գվարդիալայի ստվերի մասին: Տիտոյին սկսեցին մեղադրել նրանում, որ չի կարողանում «փիլիսոփա»-ի պես` ինչպես հարկն է, տրամադրել իր խաղացողներին, և նրանք «զարթնում» են միայն պարտության վտանգը զգալուց հետո: Քչերը խնդրին վերաբերեցին այլ կերպ` Վիլանովայի մասին խոսելով որպես հզոր տակտիկ և ընդգծելով, որ դժվարին հաղթանակները Բարսան տարավ, «4-3-3»-ից շատ արագ «3-4-3»-ի անցնելու շնորհիվ: Իսկ «Սևիլյա»-ի դեմ արտագնա խաղում` 2-0 հաշվի ժամանակ, մարզիչը ընդհանրապես անցավ «3-3-4»-ի, և 1997 թվականից ի վեր Բարսան առաջին անգամ կարողացավ 0-2 հաշիվը շրջել ի օգուտ իրեն: Երեքշաբթի օրը «Բենֆիկա»-ի նկատմամբ տարած հաղթանակը «մթագնեց» Կարլես Պույոլի ձեռքի կոտրվածքը, որը Տիտոյին կանգնեցրեց լրջագույն խնդրի առջև:
Մադրիդ
Օգոստոսյան «Սուպերգավաթ»-ում տարած հաղթանակից հետո, մադրիդցիները հայտնվեցին գրեթե անդունդի եզրին: «Սևիլյա»-ին պարտվելուց հետո իրավիճակը էլ ավելի բարդացավ. հանդիպման ավարտին, ինչպես միշտ, անհաջողություններից հետո Մոուրինյոն ամեն ինչ բարդեց սեփական խաղացողների վրա` հայտատարելով` «Այս պահին ես թիմ չունեմ»: Մադրիդում խնդիրները, բացի պարզ երևացող ֆիզիկական թույլ պատրաստվածությունից, հիմնականում «հանդերձարանային» էին: ՈՒԵՖԱ-ի` տարվա լավագույն խաղացողի մրցանակբաշխությունից հետո, Ռոնալդոն չտոնեց իր խփած գոլերը և հայտարարեց իր դժբախտության մասին, որից հետո սկսեցին խոսել հանդերձարանի երկատված ճամբարների մասին: Հետո ՉԼ-ի` «Մանչեստեր Սիթի»-ի դեմ խաղում, Մոուրինյոն բացահայտ պատժեց Ռամոսին` թողնելով նրան պահեստայինների նստարանին: Բայց հենց այդ հանդիպումից հետո մադրիդցիները սկսեցին նմանվել իրենց, և Մոուրինյոյի էյֆորիայի մեջ ընկնելը հաղթական գոլի ժամանակ սկսեց արդարացվել: Հետագա երեք խաղերում հետզհետե վերգտան իրենց վստահությունը, և Բարսելոնա ժամանելուց առաջ նմանվում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնական թիմին:
Հնարավոր մեկնարկային կազմերը
Հիմնական դարպասապահի հարցը առաջնության «կլասիկո»-ում, երկու ակումբներում էլ, պարզ է, որ չի քննարկվում` չնայած նրան, որ Վալդեսը պարբերաբար նվերներ է մատուցում մադրիդցիներին: Բարսայի պաշտպանությունում, որտեղ նույնիսկ թույլ մրցակիցների դեմ ակնառու են բազմաթիվ խնդիրներ, աջից կխաղա Ալվեշը, իսկ թե ով, կսկսի հանդիպումը Մասկերանոյի կողքին, պարզ կլինի միայն հանդիպման մեկնարկից առաջ: Թեև Պիկեն ամբողջապես չի ապաքինվել, երեկ ամբողջ թիմի հետ մասնակցել է մարզմանը, և ամեն դեպքում նրա` խաղադաշտ դուրս գալը ավելի հավանական է թվում, քանի որ Սոնգը պաշտպանությունում ապահովում է քաոս: Ձախ եզրում սկսել է ամրապնդվել Ժորդի Ալբան, և հենց նա,ամենայն հավանականությամբ, կսկսի մեկնարկային կազմում Ադրիանոյի փոխարեն, ով տապալեց օգոստոսյան 2-րդ «սուպերկլասիկո»-ն: Կենտրոնում Վիլանովան պետք է ընտրի, թե ով կխաղա Չավիի և Բուսկետսի կողքին: Չնայած որ Սեսկը դժվարությամբ, բայց կարգավորում է իր խաղը, Լեո Մեսսին ավելի շատ զգում է Ինյեստայի կարիքը, ում` մեկնարկում հայտնվելը անակնկալ չի լինի: Առջևի գծում Մեսսի կողքին հնարավոր է հայտնվի ցանկացածը` Պեդրո, Ալեքսիս, Վիլյա, Տելյո քառյակից, որոնցից միայն Վիլյան է լավ մարզավիճակում գտնվում:
«Բարսելոնա»: «4-3-3»: Վալդես; Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Ալբա; Բուսկետս, Չավի, Ինյեստա; Պեդրո, Մեսսի, Ալեքսիս:
Մոուրինյոյի թիմում վնասվածքներով խաղացողներ չկան, և այստեղ էլ մեկնարկային կազմը հստակ չէ: Կասիլյասի առջևում կգործեն Արբելոան, Պեպեն և Ռամոսը. մի փոքր տարակուսանք է առաջացնում ձախ պաշտպանի հարցը, որտեղ Ժոզեն «կլասիկո»-ների ժամանակ նախնտրում է Կոենտրաոյին` չնայած որ նրան մարզիչը չի օգտագործել «Խետաֆե»-ից կրած պարտությունից հետո: Կենտրոնական գոտում անցել են այն ժամանակները, երբ մադրիդցիները Բարսայի դեմ մեկնարկում էին երեք հենակետայիններով: Ալոնսոյի կողքին` Խեդիրայի փոխարեն, հնարավոր է, հայտնվի Ժոզեի անձնական նախնտրություններից մեկը` Էսսիենը: Մադրիդցիների կազմի ամենամեծ հարցերից մեկը այն է, թե ով կխաղա «10»-ի դիրքում: «Այաքս»-ի դեմ խաղում Կական ապացուցեց, որ չի կորցրել իր որակները. Օզիլի և Մոդրիչի վատ մարզավիճակի ֆոնին նրա հայտնվելը մեկնարկում նույնպես չի բացառվում: Առջևում շատ ավելի լավ մարզավիճակում է գտնվում Բենզեման և հենց նա պետք է որ մեկնարկի Ռոնալդոյի և Դի Մարիայի կողքին:
«Ռեալ Մադրիդ»: «4-2-1-3»: Կասիլյաս; Արբելոա, Ռամոս, Պեպե, Մարսելո; Ալոնսո, Խեդիրա, Մոդրիչ; Դի Մարիա, Ռոնալդո, Բենզեմա:
Խաղադաշտում սպասվող գլխավոր հակամարտությունները
Այստեղ կան մի քանի գլխավոր հարցեր. նախ մադրիդցիների` երկու հենակետայիններով խաղը սկսելը չի նշանակում, որ Մեսսիի գոտին կվերահսկեն ընդամենը այդ երկուսը: Հնարավոր է, որ ինչպես վերջին «կլասիկոներ»-ում, Պեպեն կգործի սովորականից շատ ավելի «բարձր», որպեսզի դիմավորի Լեո Մեսսիին, և եթե այդպես լինի, ապա հարց է ծագում, թե ինչպե՞ս է Մոուրինյոն պատրաստվում փակել Պեպեի` բաց կողմից ազատ թողած դիրքերը, որոնցից կատալոնացիները հաճախ կարողանում են օգտվել: Երկրորդ կարևոր հարցը` Բարսայի լատերալների միանալն է գրոհներին` կախված նրանից, թե առջևում ովքեր կխաղան. եթե աջում սկսի Պեդրոն, իսկ ձախում` Ալեքսիսը, պարզ կդառնա, որ Տիտոն առջևում փորձելու է խաղալ ավելի «լայն», և Ալբան ու Ալվեշը այդքան էլ հաճախ չեն միանա գրոհներին: Եվ վերջապես, ինչքան էլ որ անհատապես չեն հսկի Ռոնալդոյին, շատ կարևոր է, որ Ալվեշն ու Մասկերանոն կարողանան պորտուգալացուն զրկել ազատ տարածություններ ստանալու հնարավորությունից, և դեմ առ դեմ պայքարում չզիջեն նրան: Մադրիդցիները հակագրոհելիս ոչ միայն կօգտագործեն կենտրոնն արագ անցնելու իրենց առավելությունը, այլև, օրինակ` Ալոնսոյի առջև նետած երկար փոխանցումներով դուրս գալ Բարսայի տուգանային հրապարակի մոտ. այդտեղ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Վիլանովան փորձելու պայքարել նրանց դեմ` հաշվի առնելով այն, որ Մասկերանոն և Բուսկետսը հաճախ են սխալվում երկրորդ հարկում պայքարելիս:
Մրցավար: Դելգադո Ֆերրեյրո
Բասկ մրցավարը, ով «Մարկա»-ի կողմից ճանաչվեց անցած մրցաշրջանի լավագույն մրցավար, շատ ավելի «հաջողակ» է «Ռեալ Մադրիդ»-ի, քան «Բարսելոնա» -ի համար: Մադրիդցիները դեռ ոչ մի պարտություն չեն կրել նրա սպասարկած հանդիպումներում, իսկ Բարսան պարտվել է երկու անգամ: Չնայած դրան, դժվար թե Մոուրինյոն գոհ լինի ֆեդերացիայի այս ընտրությունից, քանի որ Դելգադոն վերջին «կլասիկո»-ն սպասարկած Մատեո Լաոսի պես թույլ չի տալիս խաղադաշտում կոպիտ և կեղտոտ պայքար: Վիլանովան նույնպես կարող է դժգոհել, քանի որ 3 տարի առաջ Դելգադոն հեռացրեց իրեն`այն ժամանակ դեռ Պեպի օգնականին` անդադար բողոքարկելու պատճառով:
Վիճակագրական տվյալներ
«Բարսելոնա»-ի հաղթանակի դեպքում Վիլանովան կդառնա Բարսայի առաջին մարզիչը, որին հաջողվել է առաջնության մեկնարկում տանել 7 անընդմեջ հաղթանակ: Իսկ Մուուրինյոն այդ դեպքում կկրի «սուպերկլասիկոներ»-ում իր 7-րդ պարտությունը:
Մադրիդցիները ավելի շատ գոլի հեղինակ են դառնում երկու խաղակեսերի 15-ից 30-րդ րոպեներին, իսկ կատալոնցիները հիմնական իրենց գոլերը խփում են վերջին 15 րոպեներին. 8 գնդակ, որը կազմում է Բարսայի գոլերի 47 %-ը:
Չավին, գոլի հեղինակ դառնալու դեպքում, կգրանցի իր հաշվին 50-րդ գոլը Բարսայի կազմում: Իսկ Ալեքսիսը խաղադաշտ դուրս գալով` կանցկացնի իր 50-րդ խաղը կատալոնցիների մարզահագուստով:
Կասիլյասի դարպասը այս մրցաշրջանում 12 գոլերից 7-ը խփվել են ստանդարտ իրավիճակներից:
Բարսելոնյան կլասիկոներում ամենահաճախ գրանցված հաշիվը 1-0-ն է. այսպիսի հաշիվ գրանցվել է 9 անգամ:
Արդեն 3-րդ մրցաշրջանն է Ժոզե Մոուրինյոյի սաների համար, որ «Լա Լիգա»-ի առաջին «կլասիկոն» հաջորդում է ՉԼ-ում «Այաքս»-ին ջախջախելուն: Առաջին երկու դեպքերում էլ մադրիդցիները զիջել են «կլասիկոն»` 5-0 և 1-3 հաշիվներով:
Բուքմեյկերների կարծիքը
William Hill: «Բարսելոնա»-ի հաղթանակը` 1.85, Ոչ ոքի` 3.8, «Ռեալ Մադրիդ»-ի հաղթանակը` 3.8
Bwin: «Բարսելոնա»-ի հաղթանակը` 1.8, Ոչ ոքի` 4.00, «Ռեալ Մադրիդ»-ի հաղթանակը` 3.9
Վերջաբան
Հաշվի առնելով Բարսայի պաշտպանության խնդիրները և 8 միավորի տարբերությունը` Մոուրինյոյի թիմից հարկ է ակնկալել ավելի բաց խաղ, քան նախորդ «Կամպ Նոու» այցելություններն էին: Պարտության և նույնիսկ ոչ ոքիի դեպքում «Մադրիդ»-ը գործնականում կկորցնի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու շանսերը: Ամեն դեպքում անհավանական է թվում, որ «Սուպերգավաթ»-ի 2-րդ հանդիպման առաջին 30 րոպեների պես մադրիդցիները թելադրեն իրենց կամքը, և եթե այս անգամ չլինեն Բարսայի պաշտպանների և դարպասապահի` արդեն սովորական դարձած կոպիտ և տգետ սխալները, խաղի ավարտին Իսպանիան կունենա նոր «չեմպիոն»:
Դավիթ Քիրամիջյան
‘