‘Ավելի քան 3000 բրիտանացիներ վիճակախաղում շահելու շնորհիվ միլիոնատեր են դարձել’

1115

Ազգային վիճակախաղը, որը Միացյալ Թագավորությունում անցկացվում է 1994 թվականից, ավելի քան 3000 բրիտանացիների միլիոնատեր է դարձրել: Ընդ որում՝ շահած գումարի մեծ մասը ծախսվել է շքեղ ավտոմեքենաների և անշարժ գույքի վրա, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Եվրոպայի ամենախոշոր  հետազոտական կենտրոններից մեկի տվյալների համաձայն՝ հաջողակների մեծ մասը՝ 82 տոկոսը, գումարն օգտագործել է բնակության վայրը փոխելու համար:  Ընդհանուր առմամբ՝ նոր անշարժ գույքի վրա ծախսվել է 3,3 մլրդ ֆունտ:

Բացի այդ, Ազգային վիճակախաղի հաղթողները միանվագ կերպով 3,7 հազար հիպոթեքային վարկ են վճարել իրենց, ընկերների և հարազատների համար:

Նորաթուխ միլիոնատերերը չեն մոռացել նաև բնակարանի վերանորոգման մասին: Նրանցից յուրաքանչյուր երրորդի տանը տեղադրվել է ջակուզի տեսակի նոր լոգարան:

Ըստ Oxford Economics-ի տվյալների՝ շահողների ընդամենը 19 տոկոսն է շարունակել աշխատանքի գնալ, մյուսները որոշել են իրենց ժամանակը նվիրել ավելի հաճելի զբաղմունքների, օրինակ՝ ճանապարհորդությանը:  Միացյալ Թագավորության սահմաններից դուրս կատարված բազմաթիվ ուղևորությունները  հաջողակ բրիտանացիներին արժեցել են 21 մլն ֆունտ:

Յուրաքանչյուր 10-րդ հաջողակ մեծահարուստ անվավոր տուն է ձեռք բերել, որպեսզի ճանապարհորդի ընկերների և ընտանիքի հետ միասին՝ առանց անհանգստանալու օթևանի և սննդի համար: Ընդհանուր առմամբ 463 մլն ֆունտ ծախսելով՝ նրանք ձեռք են բերել մոտ 17 հազար ավտոմեքենա:

Ինչպես նշում է կատարված հետազոտության հեղինակ Էնդի Լոգանը, խոշոր շահումները դրական ազդեցություն են ունեցել ոչ միայն շահողների, այլև նրանց մտերիմների վրա. «Յուրաքանչյուր նման շահում ավելի մեծ դրական ազդեցություն է ունենում Միացյալ Թագավորության տնտեսական վիճակի վրա, քան մենք կարծում էինք»,- ասում է Լոգանը:

Փորձագետի խոսքերով՝ վիճակախաղի հաղթողներն ավելի քան 900 ձեռնարկություն են բացել՝ լուծելով հազարավոր մարդկանց զբաղվածության խնդիրը: 

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում վագոնների գծերից դուրս գալու պատճառը եղջերավոր կենդանին էր ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյանը Տոտիին. Ֆրանչեսկո, եկեք Ռուսաստան’