‘Ավելորդ քաշ ունեցող չինացի զինվորականներին պաշտոնի բարձրացում չի սպասվում ‘

964

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի գլխավոր շտաբը պաշտոններ բարձրացնելիս զինվորականների քաշը հաշվի առնող ծրագիր է ընդունել, ըստ որի, ավելորդ քաշ ունեցող զինծառայողներին ծառայության մեջ «առաջ չեն տանի»: Հաղորդում է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը:
«Բարեփոխման ծրագիրը եւ 2015-2020 թվականների զինվորականների ֆիզիկական նախապատրաստության զարգացումը ենթադրում է արդյունավետ կառավարման համակարգի կառուցում, ֆիզպատրաստության համակարգի բարեփոխում, նախապատրաստման մեթոդների եւ ֆիզպատրաստության իրականացման պայմանների բարելավում: Ծրագիրը նախատեսում է զինծառայողների քաշի պարտադիր ստանդարտ, ընդ որում, ծառայության մեջ առաջընթացը ուղիղ կերպով պետք է կապված լինի ֆիզպատրաստության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չինաստանի Ազգային անվտանգության համալսարանի փորձագետ Լի Դագուանը նշում է, որ չինացի զինվորականները ավելի քան 30 տարի առաջ մասնակցել են իրական ռազմական գործողություններին եւ ժամանակակից հարմարավետ պայմաններում նրանք շատ հեշտ քաշ են հավաքում:

«Ավելորդ քաշը ոչ միայն փչացնում է զինվորականների իմիջը, այլ ուղղակիորեն ազդում է մարտի դաշտում բանակի ընդհանուր մարտունակության վրա»,- ռազմական փորձագետին մեջբերում է Սինխուա գործակալությունը:
Փաստաթղթում չի բացահայտվում՝ ինչքան պետք է կշռի չինացի զինվորականը, սակայն, ենթադրվում է, որ ադմինիստրատիվ աշխատանք կատարող զինվորականների, ռազմական ակադեմիկոսների եւ զինվորների համար ստանդարտները տարբերվելու են:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ն տեղեկացել է Ռինատ Ախմետովի հարցաքննության մասին’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 20-ին հանրահավաք լինելու է՝ անկախ քաղաքապետարանի հայտարարությունից’