‘Ավետիսյանների կողքին բնակվող Կարինե Ավետիսյանը հրաժարվում է իր տնից. «Ժողովուրդ»’

4420

Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների բակում ևս մեկ տուն կա, որը մեղադրյալ Վալերի Պերմյակովը շրջանցել էր և մտել կոնկրետ Ավետիսյանների տուն: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ նշված հասցեի բակում ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որը դեպքից հետո հրաժարվում է իր բնակարանից. «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»:

Թերթը զրուցել է Մյասնիկյան 188 հասցեի բնակվող, կենդանի մնացած Ավետիսյաններից Կարինեի հետ: Ինչպես տեղեկացրել էինք՝ այդ հասցեում, Ավետիսյանների բնակարանից բացի, կա ևս մեկ տուն, որտեղ ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` Կարինե Ավետիսյանը: Կարինեի հայրը մահացել է երկրաշարժից, իսկ մայրը մահացել է 6 տարի առաջ. «Երեք քույր ունեմ, երեքն էլ ամուսնացած են և առանձին իրենց տուն ու տեղն ունեն, իսկ ես չեմ ամուսնացել և իմ հայրական տանը՝ Մյասնիկյան 188 հասցեում մենակ կապրիմ: Մեր բակում նաև հորեղբորս ընտանքի տունն է` Սերյոժա Ավետիսյանի, ու միշտ այնքան հանգիստ էի, որ մեր բակում մենակ չեմ: Կարելի է այսպես ասել, որ այդ բակում  ապրում էինք 8 հոգի` ես՝ մենակ իմ տանն ու հորեղբորս տղան՝ իր ընտանիքի 7 անդամներով: Աշխատանքից գալիս էի տուն, տեսնում էի՝ հորեղբորս՝ Սերյոժայի տան լույսը վառ է, հանգիստ գնում, քնում էի»:

Դեպքի օրը Կարինեն պայթյունի նման ինչ-որ ձայն է լսել ու անկողնուց վեր է թռել՝ մտածելով, թե էլի երկրաշարժ է. «Տան բոլոր լույսերն անմիջապես վառեցի, ասեցի՝ Աստված ջան, երկրաշարջ է, ուշադիր նայեցի ջահին, տեսա չի շարժվում, բայց անհանգստացա: Շալս քցեցի վրաս ու որոշեցի գնամ Սերյոժայենց տուն: Երբ դուռը բացեցի, շատ մութ էր, վախեցա և որոշեցի չգնալ, լույսերն անջատեցի, գնացի քնեցի, որ առավոտյան կարողանամ արթնանալ, աշխատանքի գնալ: Այդպես առավոտյան վեր կացա, ամեն ինչ հանգիստ էր ու լուռ մեր բակում, ու գնացի աշխատանքի»:

Թերթի այն հարցին, թե մինչ աշխատանքի գնալը, ինչու չի փորձել մտնել իր հորեղբոր տուն, Կարինեն պատասխանեց. «Իմ աշխատանքի գնալու ժամը շատ շուտ է, ու իրենք սովորաբար այդ ժամին քնած են լինում, դրա համար երբեք առավոտյան աշխատանքի գնալիս չեմ մտել իրենց տուն: Բայց երբ դարպասներից դուրս եկա,  մեր հարևանի տղային հարցրեցի՝ դուք գիշերվա երկրաշարժը զգացի՞ք, ասացին, թե ոչինչ չեն զգացել: Ու ես գնացի գործի: Արդեն ավելի ուշ իմացա կատարվածի մասին: Ախր աղմուկ-բան չեմ լսել, միայն այդ մեկ գմփոցն եմ լսել: Այս ինչ կատարվեց,  բակում 8 մարդ կար, մնացել է մեկը»:

Այսպիսով՝ եթե մթությունը չվախեցներ Կարինեին, ապա դատելով նրա պատմածից՝ վերջինս հավանաբար կգնար հորեղբոր տուն և, ըստ էության, կլիներ Ավետիսյան ազգի 8-րդ զոհը կամ միգուցե փրկեր հորեղբոր ընտանիքի անդամներից որևէ մեկին:

Իչպես տեղեկացրեց Կարինեն, այս զարհուրելի դեպքից հետո չի պատրաստվում ոտք դնել, առավել ևս ապրել իր հայրական տանը: Նա պատրաստվում է դիմել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որպեսզի իրեն օգնեն. «Դուրսն եմ մնացել, հոգեկան խանգարում կստանամ: Այդ կողմ չեմ գնա ապրելու, չգիտեմ: Ես իմ տուն, այդ բակ չեմ մտնի, այդ կողմ չեմ թեքվի, ինձ օգնեք, թափառական եմ դարձել, մնացել անտուն»:

 Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի մրցակիցը. «ՉԻ» ‘