‘Ավետ Պողոսյան. Հասարակության ու ընդդիմության ակնկալիքները համընկնում են ‘

1412

Հայ ազգային կոնգրեսի անդամ Ավետ Պողոսյանի կարծիքով՝ նախօրեին Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքը «ֆանտաստիկ էր»:

«Հավաքված մարդկանց քանակը, հավաքված մարդկանց ակնկալիքները այլ բան չեն թողնում  քաղաքական ուժերին, քան ուղղակի օր առաջ երկրում իրականացնել թավշյա, անարյուն հեղափոխություն», — iLur.am-ի հետ զրույցում ասած Պողոսյանը, ով մասնակցել է Աբովյանի հանրահավաքին:

Նրա խոսքով, հեղափոխության ճանապարհին առաջին քայլը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն է: 

«Երեկ քաղաքապետարանի մոտ հավաքված բազմությունը, ըստ էության, ակնկալում էր, առաջին հերթին՝ այդ պահանջի իրականացում, եւ հաջորդող հանրավաքներն ու հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքը մեր հասարակության ամենագլխավոր խնդրի՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցն է լուծելու», — ասաց նա:

Աշնան քաղաքական գործընթացներին նախապատրաստվելիս ընդդիմությունը հայտարարում էր, որ հետագա անելիքները կթելադրեն հանրահավաքի մասնակիցները՝ իրենց քանակով ու դրսեւորած տրամադրությունով: Ըստ Ավետ Պողոսյանի՝ Աբովյանի հանրահավաքը ցույց տվեց, որ բովանդակային առումով հասարակության ու ընդդիմության ակնկալիքները միանգամայն համընկնում են:

Պողոսյանը նկատեց նաեւ, որ քաղաքական այս փուլի մեկնարկը համընկավ իշխանությունների կողմից մի քանի, նրա խոսքով՝ աչք ծակող լկտի դրսեւորումների հետ: «Մասնավորապես՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումը եւ կոպիտ ու բիրտ ֆիսկալ մեթոդներով փոքր եւ միջին բիզնեսին ճնշելու հերթական փորձը», — նշեց նա:
Ըստ Կոնգրեսի վարչության անդամի՝ միայն այս երկու դրվագը բավարար են հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը, իրեն հատուկ «իգրոկի» գործելաոճով, «վա բանկ» է գնում՝ փորձելով անզիջում կեցվածք դրսեւորել: Հետեւաբար, ըստ մեր զրուցակցի, հասարակությունն իր հերթին պետք է անզիջում կեցվածք դրսեւորի՝ լուծելու համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Գևորգյանց. Սցենարները հայկական կինոյի թույլ օղակն են ‘
Հաջորդ հոդվածը‘Անցնող շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)’