‘
Ինդոնեզիայի բանտում մահապատժի դատապարտված ավստրալացի Էնդրյու Չանն ամուսնացել է իր հարսնացուի հետ՝ դատավճիռն իրականացնելուց մեկ օր առաջ, հաղորդել է Reuters-ը: Ամուսնության արարողությունը ներկա են եղել հարսի և փեսայի ազգականներն ու ընկերները:
«Սա շատ ծանր շրջան է, որում տեղ է գտնվել նաև երջանկության համար: Մենք հույս ունենք, որ նախագահը ներողամտություն կցուցաբերի նորապսակների հանդեպ, և նրանք կարող են միասին շարունակել իրենց կյանքը»,- պատմել է Էնդրյուի եղբայրը:
Երիտասարդները ծանոթացել են, երբ Չանը եղել է Բալիի բանտում: Աղջիկը, որ հոգևորական է, ի պաշտոնե պարբերաբար այցելել է նրան:
Էնդրյու Չանը 2006 թ. դատապարտվել է Ինդոնեզիայում՝ հերոինի մաքսանենգության համար: Նրա դատավճիռը կարող է ի կատար ածվել ապրիլի 28-ին: Չանից բացի՝ մահապատժի են դատապարտվել ևս ութ կալանավորներ, մեծ մասը՝ օտարերկրացիներ:
Ջակարտան չափազանց խիստ է վերաբերվում թմրահանցագործներին: Հունվարի 18-ին Ինդոնեզիայում գնդակահարության ենթարկվեցին այդ պետության մեկ քաղաքացի և հինգ արտասահմանցիներ, որոնք բոլորն էլ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար: Փոխանցում է lenta.ru-ն:
‘