‘Ավստրալիայի վարչապետը խոստացել է համաքաղաքացիներին պաշտպանել զոմբիներից և հրեշներից’

536

Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Գիլարդը հինգշաբթի հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ և իր համաքաղաքացիներին նախազգուշացրել աշխարհի մոտալուտ վերջի մասին, որը, մայաների հաշվարկների համաձայն՝ վրա է հասնելու դեկտեմբերի 21-ին, հաղորդում է РИА-Новости-ն:

«Իմ սիրելի՝ ողջ մնացած ավստրալացի համաքաղաքացիներ»,- այսպես է սկսել իր մեկ րոպեանոց ելույթը վարչապետը՝ պետական երկու դրոշների ֆոնին: Դեմքի կատարյալ լուրջ արտահայտությամբ նա խոստովանել է, որ աշխարհի վերջը, որն այդպես էլ վրա չհասավ ոչ 2000 թվականին, ոչ էլ այն բանից հետո, երբ կառավարությունը ածուխի համար հարկ սահմանեց, այժմ իսկապես մոտ է: Կանաչ աշխարհամասի վարչապետը նաև հավաստիացրել է իր ընտրողներին, որ «չնայած այն արյունարբու զոմբիների կամ դժոխային հրեշների», որոնք, ըստ Գիլարդի, K-pop ենթամշակույթի հետ միասին վերջին հարվածն են հասցնելու մեր աշխարհին, ինքը մինչև վերջ կպայքարի հանուն իր համաքաղաքացիների:

Վարչապետի աշխատակազմում, ուր պաշտոնական մեկնաբանության համար դիմել են ապշահար լրագրողները, խորհուրդ են տվել գրել այդ ամենը, քանի դեռ աշխարհի վերջը չի եկել: «Մի՞թե ավստրալացիներն իրավունք չունեն մի քիչ զվարճանալու»,- ավելացրել են պաշտոնյաները:

Նախորդ հոդվածը‘196 բանտարկյալ է փախել լիբիական բանտից’
Հաջորդ հոդվածը‘Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներն ազատվել են աշխատանքից’