‘
Ավստրալիայի իշխանությունները ներողություն են խնդրել Սողոմոնյան կղզիների վարչապետ Գորդոն Դարսի Լիլոյից՝ այն բանի համար, որ ավստրալական Բրիսբեն քաղաքի օդանավակայանի աշխատակիցները փորձել են խուզարկել նրան, այսօր հաղորդել է ավստրալական ABC հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության՝ Գորդոն Լիլոն Ինդոնեզիայից Ավստրալիա է ժամանել Բանդաբերգ քաղաքի հուշահամալիր այցելելու համար, որը նվիրված է Ավստրալիայում աշխատելու նպատակով 1847-1904 թթ. Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչների հավաքագրման զոհերի հիշատակին: Բրիսբենի օդանավակայանի մաքսային հսկողության գոտում վարչապետին խնդրել են լրացուցիչ ստուգում անցնել՝ մինչ հսկիչ-անցագրային կետն անցնելը: Եւ անվտանգության ծառայության աշխատակցուհիներից մեկը փորձել է անձնական խուզարկության ենթարկել կղզի-պետության կառավարության ղեկավարին: «Իմ արարողակարգի աշխատակիցներն ստիպված էին միջամտել և զգուշացնել Բրիսբենի ներգաղթի ծառայության ներկայացուցիչներին, որ նրանք փորձում են խուզարկել վարչապետին, և դա վրդովեցուցիչ է», Լիլոյի խոսքերն է մեջբերում ABC հեռուստատեսությունը, փոխանցում է РИА Новости-ն:
‘