‘Ավստրալիայում առգրավել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ’

802

Ավստրալական ոստիկանությունը առգրավել է  մետամֆետամինի՝ իր պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակը, որը երկիր էր բերվել Չինաստանից, հաղորդում է BBC News-ը: Առգրավված թմրանյութի ընդհանուր քաշը 585 կգ է, իսկ արժեքը՝ 430 միլիոն ավստրալական դոլար (440 միլիոն ԱՄՆ դոլար): Թմրանյութի տեղափոխման կասկածանքով ձերբակալվել է երեք մարդ՝ Ավստրալիայի, Սինգապուրի և Հոնկոնգի քաղաքացիներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ հնարավոր են նաև այլ ձերբակալություններ: Եթե մեղադրանքը հաստատվի, ձերբակալվածներին սպասվում է ցմահ ազատազրկում: Թմրանյութն Ավսրալիա է բերվել Շենչժենից ժամանած նավով, որը բեռնված է եղել լվացող-մաքրող նյութերով: Իրավապահ մարմինների տվյալներով՝ «սառույց» անվամբ հայտնի թմրանյութը հաջողվել է առգրավել չորսամսյա հետաքննության շնորհիվ, որն սկսվել է այն բանից հետո, երբ հաղորդումներ են ստացվել Սիդնեյի Վեստ-Ռայդ շրջանի պահեստներից մեկում կասկածելի գործունեության մասին:

Թմրանյութերի առգրավման նախորդ ռեկորդը Ավստրալիայում գրանցվել էր անցյալ տարի, երբ ոստիկաններին հաջողվել էր առգրավել 300 կգ մետամֆետամին, ինչպես նաև՝ 135 կգ կոկաին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տարոնը «Ֆոեյսբուքի» օգնությամբ գտավ «իր պարզության մեջ շքեղ» աղջկան’
Հաջորդ հոդվածը‘«Բարև», «հետո՞ ինչ». Մամուլ’