‘Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է ստեղծվել’

1070

Երեքշաբթի Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել: Նոր միավորումը կոչվում է «Ավստրալիայի մուսուլմանների կուսակցություն», և նրա առաջնորդի խոսքով՝ մտադիր է մասնակցել երկրի սենատի ընտրություններին:

Կուսակցության ստեղծման պահին Ավստրալիայում մոտավորապես կես միլիոն մուսուլման է բնակվում, սակայն խորհրդարանի 250 պատգամավորներից ընդամենը մեկն է, որ իրեն մուսուլման է հայտարարել:

Կուսակցության հիմնադիրը՝ Սիդնեյի բնակիչ Դիա Մոհամեդը, հայտարարել է, որ կրոնական սկզբունքով կուսակցություն  հիմնելը պայմանավորված է, ի թիվս այլ հանգամանքների՝ նաև Փարիզում վերջերս կատարված ահաբեկչական գործողություններով: Մոհամեդի խոսքով՝ ինքն ուզում է պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց բախվել են աշխարհի բոլոր մուսուլմաններն այդ հարձակումներից հետո: Նա ցանկանում է Ավստրալիայի մուսուլմանների ձայնը լսելի դարձնել: «Գուցե մենք դեռ չգիտենք՝ ինչպես դա անենք, կամ էլ շատ անջատ ենք միմյանցից, բայց ես հույս ունեմ, որ մենք նման հնարավորություն կունենանք»,- ասել է նա:

Կուսակցություն հիմնելու մյուս պատճառը Մոհամեդը համարում է երկրում հակաիսլամական ծրագրերով մի քանի կուսակցությունների ստեղծումը:

Լրագրողները նշում են, որ սենատ մտնելու՝ Մոհամեդի կուսակցության շանսերը չափազանց փոքր են: Ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ընդամենը 500 ստորագրություն հավաքի, սակայն նույնիսկ  ամենաշատ մուսուլման բնակչություն ունեցող շրջանում կուսակցության հավանական ընտրազանգվածը ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 20 %-ն է կազմում: Փոխանցում է BBC-ն:

      

Նախորդ հոդվածը‘ՔԿ. 3 անձի սպանությունը բացահայտվել է’
Հաջորդ հոդվածը‘ԱԴԾ-ն հաստատել է, որ A32-ում ահաբեկչական գործողություն է իրականցվել’