Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է ՌԴ-ում երեխայի իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովայի և կառավարության երեք նախարարների, ինչպես նաև Ռուսաստանի 12 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին։
Այդ մասին ասվում է ավստրալական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը։
Ավստրալիայի կառավարության պատժացուցակում ընդգրկվել են՝ գործարար Իգոր Պուտինը, «Согаз» ապահովագրական ընկերության կառավարման փոխնախագահ Միխայիլ Պուտինը, «МРТ ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Պուտինը և «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևան։
Ներկա դրությամբ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պատճառով Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 828 ռուսաստանցի և բելառուսցի քաղաքացիների, այդ թվում՝ այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ռուսաստանյան 47 խոշոր ձեռնարկությունների ու կազմակերպությունների նկատմամբ։ Բացի այդ, արգելված է զենքի, հումքի և նավթ ու գազ արդյունահանելու համար անհրաժեշտ սարքավորումների արտահանումը և ռուսաստանյան էներգակիրների, զենքի և զինամթերքի ներմուծումը։
Փոխանցում է tass.ru-ն։