‘Ավստրիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը՝ ամբողջությամբ’

1347

‘

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավստրայի Հանրապետության խորհրդարանը երեկ ընդունել է 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Խորհրդարանական 6 խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված կոտորածները որակվել են որպես ցեղասպանություն:

Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի կապակցությամբ

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի եւ տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ-հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին եւ Պոնտոսի հույներին:

Ելնելով պատմական պատասխանատվությունից — Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ  — մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել եւ դատապարտել: Նույնպես եւ Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ եւ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հացագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:

Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին եւ նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքների ու հալածանքների: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության եւ մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանության եւ զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:

Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետեւողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն եւ հաշտեցմանն ուղղված եւ ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաեւ պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի եւ պետությունների միջեւ, ինչպիսին Թուրքիայի եւ Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:

Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի եւ Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանը եւ վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ՝ ի նպաստ թուրք-հայկական հարաբերություններին եւ շատ ուշացած բարելավմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:

2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման բանաձեւը ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից: 

iLur.am

‘

Նախորդ հոդվածը‘Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնություն.Հայաստան — Եգիպտոս՝ 4։0’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ’