‘Ավտոմեքենան բախվել է ուղևորատար գնացքին Էջմիածին-Մասիս ուղեմասում ‘

704

Նոյեմբերի 1 ին, մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվել է Արաքս-Երևան երթուղու № 7011 ուղևորատար գնացքին: Բարեբախտաբար, տուժողներ չկան: Այս մասին iLur.am-ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհելով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը:

Որքան էլ ցավալի է, սա արդեն նման 2-րդ ՃՏՊ-ն է վերջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ, և տուժել են 4 մարդ: Եվ այս ամենը թե\’ իրավապահ մարմինների, թե\’ երկաթուղու բազմակի զգուշացումներից հետո:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:

Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե\’ք ուշադիր և հիշե\’ք, որ ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը չի մասնակցի այդ թատերական ներկայացմանը’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդին 80 դանակի հարված հասցրած հանցագործներից մեկը հանձնվել է ոստիկանությանը’