‘«Ատլետիկոն»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’

753

Դիեգո Սիմեոնեի թիմը  Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում  հաղթեց Մադրիդի «Ռեալին» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը:

Առաջին հանդիպումը թիմերն ավարտել էին խաղաղ ելքով (1:1), այդ իսկ պատճառով վերջնական հարաբերությունները պարզեցին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Հանդիպումն սկսվեց «Ատլետիկոյի» գրոհներով: Եթե առաջին ուժեղ հարվածը դիպավ դարպասաձողին, ապա երկրորդից «սերուցքայինները» խուսափել չկարողացան: Ատլետները կազմակերպեցին շատ տպավորիչ հարձակում, որը սկսվեց Մոյայից, այնուհետև անցավ Մանջուկիչին, ով գնդակը փոխանցեց Գրիզմանին և կրկին Մանջուկիչ, ում հզոր հարվածի շնորհիվ էլ գնդակն հայտնվեց Կասիլյասի դարպասում: Այսպիսով, հանդիպման արդեն 2–րդ րոպեին տանտերերն առաջ անցան, և այս հանգամանքը շատ բանով փոխեց հանդիպման ընթացքը: Դրանից հետո, «Ատլետիկոն» մի փոքր թուլացավ, և «Ռեալը» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ վերահսկելով գնդակը:

Ի դեպ, պետք է ասել, դաշտում ծավալվեց շատ կոպիտ և նենգ խաղ՝ երկու թիմերի մասնակցությամբ: Ըստ էության, հանդիսատեսը ավելի շատ միմյանց միջև պայքար տեսավ, քան  իսկական ֆուտբոլ՝ իր լավագույն դրսևորումներով: Այստեղ գործի մեջ մտավ նաև «ներքնակավորների» մարզիչը, ով փորձում էր մրցավարի оգնականին ապացուցել, որ սխալ է оգնություն ստացած Խուանֆրանին այդքան երկար ժամանակ պահել և թույլ չտալ դաշտ դուրս գալ:  Այս առիթով արգենտինացի մարզիչը մի թեթև հարված հասցրեց оգնականի ծոծրակին, որի արդյունքում հանդիպման 26-րդ րոպեին գլխավոր մրցավար  Ֆերնանդես Բորբալանը նրան հեռացրեց:

Ընդմիջումից հետո խաղի ընթացքը մի փոքր փոխվեց: Կրոսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռոնալդուն: «Ռեալը» տարածքային առավելություն ուներ, սակայն «Ատլետիկոն» ևս պարբերաբար ակտիվանում էր և վտանգավոր գրոհներ կազմակերպում: Սակայն, այդպես էլ նոր գոլեր չգրանցվեցին և հանդիպման երկրորդ րոպեին գրանցված գոլը մնաց վերջնականը: 

Այսպիսով, «Ատլետիկոն» մրցաշրջանն սկսում է հաղթանակով: Սա հիանալի սկիզբ է այս թիմի համար:

«Ատլետիկո» –«Ռեալ»՝1:0 (առաջին հանդիպումը՝ 1:1):
Գոլ. Մանջուկիչ՝  2:

«Ատլետիկո» . Մոյա, Խուանֆրան, Միրանդա,Գոդին, Սիկեյրա, Գաբի, Տյագու, Ռաուլ Գարսիա,  (Սաուլ Նիգես՝ 90), Կոկե, Գրիզման (Ռաուլ Խիմենես՝ 75), Մանջուկիչ (Քրիստիան Ռոդրիգես՝ 85):

«Ռեալ». Կասիլյաս, Կարվախալ, Վարան, Սերխիո Ռամոս, Կոենտրաու (Մարսելո՝ 70), Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Կրոս (Ռոնալդու՝ 46), Բեյլ, Ջեյմս Ռոդրիգես (Իսկո՝ 65), Բենզեմա:

Նախազգուշացում՝  Գրիզման, Կոկե, Տյագու, Ռաուլ Գարսիա, Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Սերխիո Ռամոս, Ռոնալդու, Իսկո:

Հեռացվել է. Մոդրիչ՝ 90+1 (2 դեղին քարտ):

Նախորդ հոդվածը‘Սաքուլիկենց «նախագահը» ԵՊՏՀ-ում պրոռեկտոր է նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Լեթերմանը Սերենա Ուիլյամսին հրահրել է մեծ թենիսի գնդակով ջարդել նյույորքյան խանութներից մեկի ապակին (Տեսանյութ)’