‘
Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում այսօր տեղի կունենա սուպերխաղ: «Ատլետիկոն» սեփական դաշտում կընդունի «Բարսելոնային»: Սպասվում է լարված և դիտարժան հանդիպում: Կկարողանա՞ն արդյոք կատալոնացիները ևս 3 միավոր վաստակել և ամրապնդել իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: Այս մասին կիմանանք այսօր, երեկոյան:
Թեև «Ներքնակավորները» այս պահին զբաղեցնում են առաջնության 4-րդ հորիզոնականը և «Վալենսիայի» հետ միասին ունեն նույնքան միավորներ, այնուհանդերձ, «չղջիկների» խփած գոլերի քանակն ավելի շատ է, այդ պատճառով էլ մեկ աստիճան բարձր դիրք են զբաղեցնում: Վերջին 2 խաղերի ընթացքում մադրիդցիները միավորներ կորցրեցին: Շատ ցավալի էր և տխուր հետևանքներ ունեցավ նաև պարտությունը Չեմպիոնների լիգայում: Ոչ այն բանի համար, որ «Ատլետիկոն» ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ, այլ նրա համար, որ «ներքնակավորները» գոլ բաց թողեցին 93-րդ րոպեին: Հենց այս հանդիպումից հետո էլ մադրիդցիները հոգեբանական դժվարին կացության առաջ կանգնեցին: Պատահական չէ, որ «Լեգանեսի» հետ խաղում գրանցած ոչ-ոքի արդյունքը կարելի է օրինաչափ համարել: Ուժեղ անցակացրած առաջին խաղակեսը ոչ մի արդյունքի չհանգեցրեց: Ողջ խաղի ընթացքում ընդամենը կատարած 2 հարվածը դարպասաձողին ծիծաղելի է թվում:
«Բլագուրնասը» հակառակորդից՝ Սևիլյայից առաջ է անցել 5 միավորով: Կատալոնացիները կամաց-կամաց իսպանական առաջնությունում կրկին դառնում են ամենա-ամենա թիմը: Այս պահին «Բարսելոնան» ամենաբարձր արդյունավետությունն է գրանցել՝ 23 գոլ, ունի ամենաամուր պաշտպանությունը՝ 2 բաց թողնված գոլ, գնդակը ամենաշատ վերահսկող թիմը՝ միջին հաշվով 61,4%: Եվ, վերջապես, 1 ֆուտբոլիստից ամենաշատ կախվածություն ունեցող թիմը: Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել այն հանգամանքը, որ «Բարսելոնայի» գոլերի 48 %-ը խփել է Լեո Մեսին:
Ճիշտ է նաև այն փաստ, որ միջազգային ասպարեզում «կապտանռնագույնները» դեռևս չեն փայլում, թեև «Յուվենթուսի» հետ խաղում հաղթանակը իսկապես շքեղ էր: Իսկ ինչ եղավ «Սպորտինգի»-ի հետ հանդիպման ժամանակ, գնդակի վերահսկողությունը թվում է՝ նորմալ էր, պահեր կային, իսկ միակ գոլը խփեցին պորտուգալացիները, այն էլ սեփական դարպասը: Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հեշտությամբ հաղթեց «Լաս-Պալմասին» (3:0): Այդ խաղում ամենահետաքրքրականն այն էր, որ «Լաս-Պալմասը» «վերահսկում էր գնդակը» 48%-52%.հարաբերակցությամբ:
Այնուհանդերձ, այսօրվա հանդիպումը կարևոր է 2 թիմերի համար էլ՝ հաղթանակի դեպքում նրանք ոչ միայն վստահություն ձեռք կբերեն սեփական ուժերի հանդեպ, այլև կամրապնդեն իրենց դիրքերը իսպանական առաջնությունում: Այնպես, որ բաց մի թողեք այս հանդիպումը:
‘