‘«Ատլետիկ Բիլբաո». Շրջափուլի ավա՞րտ, թե մտածելակերպի սկիզբ’

848

Անցյալ մրցաշրջանում Բասկոնիայի լավագույն թիմը Բիելսական ֆուտբոլով իր վրա հրավիրեց ոչ միայն «Լա լիգա»-ի սիրահարների, այլև ամբողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հասարակության ուշադրությունը: Հատկապես դա վերաբերվում է Եվրոպայի լիգայի «Մանչեստեր Յունայթեդ»-ի և «Շալկե 04»-ի դեմ խաղերին, երբ բասկերը, անդերդոգի կարգավիճակում լինելով, փայլուն կերպով կարողացան շրջանցել երկու թիմերին էլ:

Նախկինում բասկերի հանդեպ հարգանքն ու հետաքրքրությունը հետխորհրդային հանրապետություններում հիմնականում կապված էր ակումբի վարած քաղաքականության հետ: Խոսքն ակումբի ամբողջ պատմության ընթացքում որևէ այլ ազգի, նույնիսկ իսպանացի խաղացող չունենալու մասին է: Այդպիսով բասկերը փորձում էին և փորձում են մի խնդիր լուծել` պահպանել իրենց ինքնուրույն տեսակը՝ ընգրկված լինելով Իսպանիայի կազմի մեջ: Բայց XX-րդ դարի երկրորդ կեսից հետո ավարտվեց այն շրջանը, երբ Իսպանիայի առաջնության ֆուտբոլիստների մեծամասնությունը՝ 50-ից 60 %-ը, բասկեր էին: Այդ ժամանակաշրջանից սկսած, ավանդույթների պահպանման խնդիրը վերաբերում էր առավելապես ոչ ֆուտբոլային մասին: «Ատլետիկ»-ը 80-ականներին արդեն հեռու էր ֆուտբոլային առումով յուրահատուկ լինելուց և համարվում էր ամենակեղտոտ ֆուտբոլ խաղացող թիմերից մեկը: Եվ մինչ օրս, կարելի է ասել, միայն ֆրանսիացի Լուիս Ֆերնանդեսը, իր կազմում ունենալով Կարանկայի, Էսկերոյի, Էչեբերիայի և Ժուլիեն Գերերոյի կարգի խաղացողներ, փորձեց ավելիին ձգտնել, քան ուղղակի արդյունքներ գրանցելը:

Ո՞վ է Բիելսան որպես մտածող, և ի՞նչ փոխվեց նրա գալով

Հայրենիքում իր բնավորության համար «El Loco» (Խենթ) մականվան փոխարեն Բիելսային արժեր անվանել, օրինակ, ինչպես Մենոտիին՝ «El filosofo» (Փիլիսոփա): Քանի որ 70-ականներից հետո միայն նա փորձեց ինչ որ առումով հեղափոխություն մտցնել արգենտինական ֆուտբոլային մտածողության մեջ: Հոլանդական «Տոտալ ֆուտբոլ»-ի անկուշտ սիրահարը` Բիելսան հրաժարվեց այն մտքից, որ ամբողջ թիմի խաղը կարող է կախված լինել 10 համարից` «El enganche»-ից (կոճկող) և անցավ արգենտինացիների համար անընդունելի՝ ավելի «լայն» տեսակի խաղի: Արգենտինացիները դրանից հետո Բիելսային սկսեցին մեղադրել «La nuestra»-ին (մերը) դեմ լինելու մեջ, ինչպես Մենոտիին, ում մեղադրում էին հիմնականում քաղաքական դրդապատճառներով, քանի որ «փիլիսոփան» ԱԱ 1978-ի գավաթը նվաճելուց հետո հրաժարվում էր այն «կիսել» երկիրը կառավարող ռազմական խունտայի հետ:

Այս ամենի մասին, իհարկե, տեղյակ էին «Ատլետիկ»-ի ղեկավարները, ովքեր Բիելսային նշանակեցին ավելի պրագմատիկ ֆուտբոլի կողմնակից Խոակին Կապարոսի փոխարեն: Կապարոսին բասկերը սիրում էին, բայց չնայած նրան, որ թիմը գրավել էր բավականին բարձր տեղ «Լա լիգա»-ում, ակումբի երկրպագուները համարում էին, որ նրանք ունեն այնպիսի կատարողներ, ովքեր ունակ են խաղալ և ցուցադրել ավելի բարձրակարգ ֆուտբոլ:

Մրցաշրջանի սկիզբը Բիելսայի համար հեշտ չստացվեց, և թիմը «Լա լիգա»-ի առաջին 4 հանդիպումներում կրեց երեք պարտություն, մեկ հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի: Ինչպես Լյորենտեն էր նշում, խաղացողներն ամեն կերպ ջանում էին, որպեսզի հասկանան մարզչին, բայց խճճվում էին նրա սխեմայի (3-4-3, 3-5-2, 4-2-3-1) և մարզումների բազմակի փոփոխություններից: Հետագայում նույն Լյորենտեի խոսքերով, նրանք կարողացան ընկալել Բիելսայի ամբողջ հանճարը: Արդեն նոյեմբերին բասկերը զարմացրին ամբողջ աշխարհին Բարսայի դեմ հնարավորինս բաց ֆուտբոլով, որտեղ միայն 91-րդ րոպեին իրենց ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Գվարդիոլան` ևս մեկ «փիլիսոփա» և «լայն» ֆուտբոլի կողմնակից, Բիելսայի և նրա թիմի մասին ասաց, որ նրանք փայլուն ֆուտբոլ են ցուցադրում, իսկ Բիելսան ներկայիս աշխարհի լավագույն մարզիչն է, ումից ինքը շատ բան է սովորել:

Տոներից հետո սկսեց ստացվել գրեթե ամեն ինչ` հենակետային Խավի Մարտինեսի խաղը պաշտպանության կենտրոնում, Դե Մարկոսինը՝ կենտրոնում և Մունիաինինը, ով անսահման ազատություն էր ստացել հենակետային գոտուց մինչև ձախ եզրային:

Առաջնությունում ռոտացիայի ենթարկելով հիմնական կազմը, Լյորենտեից և նրա խաղընկերներից Բիելսան կարողացավ քաղել առավելագույնը Եվրոպայի լիգայի և արքայական գավաթի խաղերում. երկու մրցաշարերում էլ նրանց կանգնեցրին միայն եզրափակիչներում:

 Նոր մրցաշրջան

Ամռանը  հավաքականի կազմում հերթական մեծ տիտղոսը նվաճած Լյորենտեն և Խավի Մարտինեսը ցանկություն հայտնեցին լքել Բասկոնիան և որևէ այլ տեղ արդեն ակումբային տիտղոսներ փնտրել: Մարտինեսի համար «Բավարիա»-ն վճարեց նրա փոխհատուցման համար նախատեսված 40 մլն €-ն, իսկ Լյորենտեի հարցում Բիլբաոյում որոշեցին սպասել մինչ նրա պայմանագրի ավարտը:

Բացի այս խնդիրներից, ամռանը Բիելսան հիշեցրեց իր մականվան մասին: «El Loco»-ն  քննադատեց ամբողջ ակումբի ղեկավարությանը՝ թիմի մարզաբազայում կատարվելիք վերակառուցման աշխատանքները ժամանակին չավարտելու համար:

Ինչպես հաճախ է պատահում ֆուտբոլում, երկրորդ տարին ամենաբարդն է դառնում: Այժմ չափազանց վատ արդյունքները մարզչի պաշտոնանկության անդադար խոսակցությունների առիթ են դարձել: Բիլբաոն արդեն դուրս է մնացել թե Եվրոպայի լիգայից, թե Իսպանիայի գավաթի խաղարկությունից, և այս պահին ունի «Պրիմերա»-ից դուրս չմնալու խնդիր:

Այս մրցաշրջանում թիմը խաղում է նույն բիելսայական «տիկի-տակա»-ն: Եթե անդրադառնանք վիճակագրությանը, ապա այս մրցաշրջանում թիմը անցյալի պես միջինը ունի 57 % առավելություն և 79 % ճիշտ փոխանցումներ ցուցանիշ, այլ հարց է, որ դա անում են խաղամակարդակով ավելի ցածր խաղացողներ: Առանց Լյորենտեի և Մարտինեսի շատ ավելի բարդ է ապահովել նման որակի սրություն հարձակման գծում և ավելի լավ գործել պաշտպանությունում:

«Ատլետիկ»-ն իր ներկայիս խնդիրը լուծելու դեպքում, ի շնորհիվ Բիելսայի, կարող է փորձ կատարել վերադառնալ 50-ականներ: Խնդիրը կարող է լուծվել նույնիսկ առանց Բիելսայի: Արգենտինացին ակումբի ղեկավարներին կարծես թե առաջարկում է անցնել Բարսայի մոդելին, երբ ամբողջ մանկապատանեկան թիմերը գործում են նույնպիսի խաղային փիլիսոփայությամբ և առաջին թիմ բարձրանալիս հարմարվելու խնդիր չեն ունենում: Իսկ Խավի Մարտինեսի տրանսֆերից ստացած 40 մլն €-ն կարող է մեծապես օգնել այդ հարցում:

Վերջում մեջբերենք Լուիս Սեզար Մենոտիի խոսքերը, որոնք ամբողջովին կարելի է վերագրել Բիելսայի՝ Բասկոնիայում կատարած աշխատանքին:

«Բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ խնդիրը միայն հաղթանակի մեջ է, ես ցանկանում են նախազգուշացնել՝ ինչ-որ մեկը միշտ հաղթում է: Ուստի 30 թիմերից կազմված առաջնությունում կան 29 թիմերի մարզիչներ, ովքեր պետք է իրենք իրենց հարցնեն՝ «Ի՞նչ կմնա թիմում ինձնից հետո, ի՞նչ կարողացա ես փոխանցել իմ խաղացողներին և աճելու ինչպիսի՞ հնարավորություն ես տվեցի նրանց»: 

 

Դավիթ Քիրամիջյան

 

Նախորդ հոդվածը‘«ԵրԱԶ»-ի հնդիկ ժառանգները. Հայաստանում հնդկական մակնիշի ավտոբուսներ կարտադրվեն’
Հաջորդ հոդվածը‘Բլից հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ‘