‘Ատկատատեղի քաղաքային բյուջեի հաշվին ‘

1449

Երևանի կենտրոնական փողոցներում հուլիսի 1-ից գործող վճարովի ավտոկայանատեղերից հավաքագրվող գումարները ոչ միայն չեն մտնելու քաղաքային բյուջե, այլև քաղաքապետարանն է հոգալու «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության ծախսերը։ Բացի այդ, ինչպես նշում է CivilNet-ը, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը քաղաքապետարանը վստահել է մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը անցած տարվա վերջին և ո՛չ ոլորտում աշխատանքային փորձ ունի, ո՛չ էլ բիզնես գործունեության։

Երևանի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղերի քաղաքակիրթ կազմակերպումը միայն առաջին հայացքից է այդպիսին։ Կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են ամբողջ գործընթացում։

Այսպես՝ Երևանի քաղաքապետարանն անցած տարվա դեկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 ծածկագրով ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (մրցակցային երկխոսության ձևով) և այս տարվա ապրիլին «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունների կոնսորցիումի հետ կնքել համապատասխան պայմանագիր։

Ֆինանսների նախարարության գնումների համակարգում (gnumner.am) տեղադրված գնման հայտարարությունում մրցույթի մասնակիցների որակավորման չափանիշների վերաբերյալ պահանջներում քաղաքապետարանը նշել է. «Տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման ծառայությունների մատուցման գործարքները՝ նախկինում կատարած պայմանագրերը։ Համանման (նմանատիպ) է համարվում կայանատեղերի կազմակերպման, վերահսկողության (GPS համակարգերով մոնիտորինգի) և/կամ էլեկտրոնային համակարգերի ծրագրային փաթեթների մշակման, ներդրման և դրանցով վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ սպասարկման ծառայությունների մատուցումը»։

Թեև քաղաքապատարանը հստակ նկարագրել է ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթին մասնակից ընկերություններին առաջադրվող պահանջները, անհասկանալի է, թե ինչու է հաղթող ճանաչվել հենց «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունների կոնսորցիումը։

Պարզ չէ նաև՝ գոյություն ունի արդյոք կոնսորցիում, քանի որ հուլիսի 1-ին քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին (նվիրված վճարովի ավտոկայանատեղերին) որպես ծառայություն մատուցող ներկայացվեց հենց «Փարկինգ սիթի սերվիսը»։ Վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված վահանակների վրա նույնպես նշվում է այս ընկերության անունը, «Լոկատորի» կամ կոնսորցիում մասին ընդհանրապես խոսք չկա։

Չի բացառվում, որ «Լոկատորն» ընդամենը մրցույթում «Փարկինգ սիթի սերվիսին» հաղթող ճանաչելու այցեքարտն է, քանի որ որոշակիորեն բավարարում է առաջ քաշված պահանջներին։ «Լոկատորի» պաշտոնական կայքի ծառայություններ բաժնում որպես ընկերության հիմնական գործունեություն նշվում է գեոտեղեկատվական տեխնոլոգիաների (GIS) ոլորտին վերաբերող ծրագրային ապահովման մշակումը, առևտրի ու արդյունաբերության տարբեր ճյուղերի համար նախատեսված ծրագրերի մշակումը։

Բայց եթե այս ընկերությունը գոնե մոտ է քաղաքապետարանի առաջադրած պահանջներին, շատ ավելի թույլ են «Փարկինգ սիթի սերվիսի» դիրքերը։ Երևանում քաղաքակիրթ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը քաղաքապետարանը փաստացի վստահել է մի ընկերության, որը ոլորտում գործունեության փորձ չունի։ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը նաև բիզնես փորձ չունի։ Թե՛ ընկերության պաշտոնական կայքում, թե՛ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում նշվում է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերի 27-ին։ Ընկերության պաշտոնական կայքում չկան աշխատակիցների թվի, ղեկավարության, ֆինանսական կարողությունների մասին տեղեկություններ, իսկ ռեգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրը ոմն Տիգրան Հարությունյան է։

Չի բացառվում, որ ընկերությունը ստեղծվել է քաղաքապետարանի կողմից կազմակերպվելիք մրցույթին ընդառաջ, ինչի մասին վկայում է նաև ընտրված անունը, իսկ մրցույթի արդյունքները պարզ են եղել ի սկզբանե։

Ինչ են թաքցնում

«Փարկինգ սիթի սերվիսը» Երևանում արդեն գծանշել և համապատասխան տեղեկատվական վահանակներով ապահովել է հիմնական կենտրոնական փողոցները։ Կայանման վարձավճարները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու անցած տարվա որոշման համաձայն՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ Դ100, յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ Դ500, մեկ շաբաթվա համար՝ Դ1 հազ., մեկ ամսվա համար՝ Դ2 հազ., մեկ տարվա համար՝ Դ12 հազ.։

Սակագների չափերից երևում է, որ դրանք ուղղված են ոչ այնքան երկարաժամկետ կտրվածքով, որքան միանվագ կերպով գումարներ հավաքագրելուն։

Ֆինանսական հոսքերի կառավարման տեսակետից ավագանու որոշումն անտրամաբանական է։ Անգամ այս պայմաններում կայանման համար գանձվող գումարները չեն ուղղվելու քաղաքային բյուջե, դրանք տնօրինելու է մասնավոր ընկերությունը։ Փաստացի ավագանին սակագները սահմանելիս առաջնորդվել է հենց «Փարկինգ սիթի սերվիսի» շահերից։

Գումարների միանվագ հավաքագրումը բխում է ընկերության շահերից, քանի որ նվազեցնում է կայանատեղերի սպասարկման ծախսերը։ Ընկերությունը վճարովի ավտոկայանատեղերի հսկողությունը խոստացել է իրականացնել ավտոմատացված համակարգով՝ տեսախցիկների միջոցով։ Եթե վարորդների մեծ մասը կատարում է մեկ տարվա վճարումներ, ապա նվազում են վճարումների վերահսկողության համար կատարվող ծախսերը։

Բացի այդ՝ քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրից երևում է, որ վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպող ընկերությունը ծախսերը հոգալու է ոչ միայն հավաքագրվող գումարներից, այլև վճարվելու է քաղաքային բյուջեից (ծախսերի մոտ 70%-ը)։ Միջոցները հատկացվելու են քաղաքապետարանի բյուջեի «համայնքների պահուստային ֆոնդից»։ Ի՞նչ գումարի մասին է խոսքը՝ պայմանագրում չի նշվում։

 CivilNet

Հ.Գ. Ակնհայտ կեղծ տեղեկատվություն հաղորդելը դարձել հայաստանյան հեռուստաընկերությունների և չինովնիկների մեծ մասի ամենօրյա գործը: Օրերս «Արմենիայի» եթերից կարելի էր իմանալոր նոր կարգով ավտոմեքենաների կայանումից ստացված ողջ գումարը գնալու է Երևանի բյուջե:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Գալու է պատասխան տալու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի երազը ‘