‘Ատկատներն ու չարաճճիները’

1456

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մենք ականատես ենք լինում պետական տարբեր կառույցներում  «Սերժ Սարգսյանը բարկանում է» ներկայացումների շարքի բեմադրմանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ է դա արվում, հնչել են տարատեսակ պատասխաններ: Սակայն մեկ բան ակնհայտ է. ռեժիմն ամբողջ թափով նախապատրաստվում է նախագահական ընտրություններին, և այսպիսի ներկայացումներն այդ նախապատրաստական աշխատանքների տեսանելի հատվածն են  ընդամենը:

Ելնելով Սերժ Սարգսյանի շրջայցի տրամաբանությունից` կարելի ենթադրել, որ այն կրելու է շարունակական բնույթ: Եվ, ամենայն հավանականությամբ, հաջորդ այցելությունը պետք է լինի  ոստիկանություն, իսկ մոտակա «սթափեցման» թեկնածուն՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Ոստիկանությունը և, ընդհանրապես, իրավապահ համակարգը շատ կարևոր նշանակություն ունեն իշխանության պահպանման գործում, ու ևս մեկ անգամ նրանց վրա մատ թափ տալը և հրապարակավ նրանցից հավատարմության երաշխիքներ ստանալը երբեք չեն խանգարի, առավելեւս մի շոումենից, ինչպիսին Վովա Գասպարյանն է, ով ինքն էլ պարբերաբար նման հրապարակային ներկայացումներ է բեմադրում:

Հենց այսպիսի ներկայացումներից էր օրերս ոստիկանությունում տեղի ունեցած նոր ինտերնետային կայք-էջի շնորհանդեսը, որտեղ ոստիկանապետն ուղղակի փայլատակեց իր մտքի գոհարներով: Մասնավորապես, խոսելով ոստիկանական համակարգի բարեփոխումներից, Գասպարյանն ասել է. «Իհարկե, կան խոչընդոտներ, իհարկե, կան չարակամություններ և չարաճճիություներ, որոնք արվում են մեր նկատմամբ, բայց մենք սովորել ենք համբերել այդ ամենը…», «Մեր նպատակն է ոստիկանությունից մաքրել այն խարանը, որ դրվել է մեր վրա…», «…մենք ավելի խոր, ավելի ընկալելի կդարձնենք մեր գործունեությունը…»:

Ովքե ՞ր են չարամիտներն ու չարաճճիները, ոստիկանական համակարգից դո՞ւրս են դրանք, թե՞ ոչ, եթե համակարգի աշխատակիցներ են, ապա ինչո՞ւ պատժված չեն, ինչո՞ւ չեն նշվում կոնկրետ չարաճճիների անուններ, և չի ասվում, թե հատկապես ինչպե՞ս են նրանք խոչընդոտում ոստիկանության աշխատանքներին, ինչո՞ւ է որպես ոստիկանության նպատակ նշվում ինչ-որ անհասկանալի խարանի մաքրումը, ո՞վ է այդ խարանը դրել, ի՞նչ խարան է դա, ինչո՞ւ է հատկապես հիմա կարիք առաջացել ավելի ընկալելի դարձնել ոստիկանության գործունեությունը:

Այս բոլոր հարցերը Վովա Գասպարյանը թողնում է անպատասխան` առավելագույնս լղոզված և անհասկանալի հայտարարություններ անելով: Ակնայտ է, որ վերջինս փորձում է նմանակել իր շեֆին` Սերժ Սարգսյանին, որը կառավարությունում հրավիրված հայտնի խորհրդակցության ժամանակ, օդի մեջ` առանց փաստերի, հիմնավորումների ու անունների, խոսում էր ատկատների, քեռու տղաների և մեծ գլուխների մասին:

Ինչևէ, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ոստիկանապետն զբաղվում է ինքնաքննադատությամբ, սակայն ավելի ուշադիր լինելու դեպքում ակնհայտ է դառնում, որ թերություններն ընդունելու հետ մեկտեղ՝ որևէ խոսք չկա պատասխանատվության մասին:  Այսինքն` կան անհայտ խնդիրներ և դրանք առաջացնող անհայտ ուժեր: Չկա կամք և տղամարդկություն խոսելու  իրական խնդիրների և իրական պատասխանատուների մասին:  Եվ այստեղ է երևում սուպերոստիկանապետի իրական թափը, որը պատրաստվում է բարեփոխումներ իրականացնել` պատերազմելով, պայքարելով ինչ-որ անհայտ շողքերի և մութ ուժերի դեմ:

Սակայն այստեղ կարևոր է նաև նշել, որ նույն օրը լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում Վովա Գասպարյանը, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր ինքնախոստովանություն է արել` հայտարարելով. «… քանի դեռ և՛ մենք, և՛ դուք պատվերներ ենք կատարում կամ մեր ցանկացածն ենք ուզում ներկայացնել, մենք դեռ ունենալու ենք խնդիրներ մեր ցանկալի ոստիկանությունը ունենալու և ցանկալի հասարակության մեջ ինտեգրվելու…»:

Այ սա արդեն երկաթյա տրամաբանություն է: Ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո, երբ ոստիկանապետն ինքն է ընդունում, որ պատվերներ է կատարում, և քանի դեռ նա դա անում է, ապա թե ոստիկանությանը, թե մեր երկրին՝ ընդհանրապես, որևէ լավ բան չի սպասվում: Նա ընդունում է, որ քաղաքացու շահերը պաշտպանելու առաքելություն ունեցող իրավապահ համակարգն այսօր չի կատարում Սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները:

Այսպիսով` Վովա Գասպարյանը հոյակապ իրականացնում է հրապարակային ներկայացումների ծրագիրը: Նա խոսում է անորոշ բարեփոխումների մասին` հնարավորինս լղոզելով իրական խնդիրներն ու խոչընդոտները:

Ամեն դեպքում, պետք է փաստել, որ այսպիսի ներկայացումները չեն դադարելու: Ռեժիմի ապաշնորհության, կամքի բացակայության, նրանց հակաժողովրդական և հանցագործ բնույթի լինելու պարագայում իշխանության միակ հույսը մնում է նմանատիպ պարզունակ PR-ը: 

 

Արեգ Գեւորգյան

Նախորդ հոդվածը‘Չեխիայի նախագահի վրա հարձակվողը ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն բոյկոտում է Ազգային ժողովի նիստը ‘