‘Ատոմ Էգոյանը Երևանի, Ազնավուրի ու «հայկական արքայադստեր» մասին’

854

10-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում, ինչպես և գրեթե ամեն տարի՝ Հայաստանում է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով նաև փառատոնի հիմնադիրներից է: Էգոյանը զրուցել է PanRMENIAN-ի հետ Երևանի, Ազնավուրի, «Արարատի», հայկական կինոյի,  «Ոսկե ծիրանի» մասին, ու ոչ միայն:

Երևանի վերջին 25 տարիները

Քաղաքը փոխվել է… Երբ առաջին անգամ եկա, շոկի մեջ էի: Մարդիկ զրկանքների մեջ էին, շրջափակում էր, լույս չկար: Ահավոր վիճակ էր: Դրա համար շատ եմ ուրախանում` տեսնելով, թե ինչպիսին է ներկայիս Երևանը: Ինչ վերաբերում է մարդկանց, նրանք այժմ ավելի հետաքրքրասեր են դարձել, ու դա լավ է: Նրանք հարցեր են տալիս ապագային, դեպի որը «շարժվում են», ու այդպես էլ պետք է լինի: Կարծում եմ, սա մի ուրիշ ծայրահեղություն է:

«Արարատ» ֆիլմի հետքերի մասին

Շփոթված էինք, քանի որ թուրքական կողմից ավելի «բաց» արձագանքի էինք սպասում, քանի որ, ըստ իս, ֆիլմում երկխոսություն կա: Բայց շատերը բացասական արձագանքեցին: Ամեն դեպքում, դա էլ է պրոպագանդա: Ֆիլմի դրական կողմն այն է, որ նրա մասին մինչ օրս էլ խոսում են, չնայած, որ պրեմիերայից արդեն 11 տարի է անցել:

Ազնավուրն «Արարատ» ֆիլմում

Միշտ երազում էի, որ աշխարհի ամենահայտնի հայը խաղա իմ ֆիլմում. Երազանքս իրականացավ: Աշխարհում ամենահայտնի հայ լինելը պարտավորեցնում է: Ինչպես արդեն ասել եմ, Ազնավուրը մեզ շատ ավելին է տվել, քան կարող ենք պատկերացնել` իր սերը, նաև սերը դեպի իր ժողովուրդը…

Աշխատանքից գոհ մնալու մասին

Հին ֆիլմերս դիտելիս երբեմն ջղայնանում եմ: Մտածում եմ` կարելի էր այլ կերպ նկարել, գուցե այլ լուծում տալ: Ռեժիսորների համար առհասարակ դժվար է տարբերվող ոճ գտնել: Դժվար է այնքանով, որ պետք է կարողանաս ազատվել մյուս ոճերից: Մի բան էլ կա. անհրաժեշտ է ազատվել նախորդ աշխատանքների ազդեցությունից:

«Ոսկե ծիրանի» զարգացումը

Փառատոնի ամենակարևոր խնդիրը հիմա ավելի շատ դիստրիբյուտորների ու պրոդյուսերների հրավիրելն է: Նրանք «Ոսկե ծիրանն» ավելի պահանջված կդարձնեն: Մենք պետք է լուրջ մտածենք այդ ուղղությամբ, քանի որ դա է զարգացման հաջորդ քայլը:

Սոցիալական կինոյի դերը կինեմատոգրաֆում

Սոցիալական կինոն պատուհան է. այն նպաստում է, որ Եվրոպայի մյուս կողմը տեսնի, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում: Ու ամենևին էլ պարտադիր չէ ներկայացնել միայն կյանքի դրական կողմերը: Սոցիալական կինոն հնարավորություն է տալիս տեսնել խնդիրները, որոնց դեմ մարդիկ պայքարում են:

Հայկական կինոյին պակասում է…

Պետք է, որ հայկական կինոն ավելի շատ «շփվի» դրսի, արտաքին աշխարհի հետ: Պետք է համագործակցել մյուս երկրների հետ, ինչու ոչ` նաև տեխնիկապես: Կարծում եմ, դրան, մեծ մասամբ՝ հենց Մշակույթի նախարարությունը պիտի նպաստի:

Եվրոպական ու հոլիվուդյան կինոյի տարբերությունը

Աստիճանաբար՝ եվրոպական ու հոլիվուդյան կինոն ավելի փոխկապակցված են դառնում: Կարծում եմ՝ իրական պատճառը փոքր ու ինդուստրիալ ֆիլմերի տարբերությունն է: Եվրոպան, ինչպես և Հայաստանը, սիրում է Հոլիվուդը. բոլորն են սիրում այն: Իրական հարցն այն է, թե ինչպես ես դու շարունակում պայքարել մեծ մասշտաբի տենդենցների դեմ:

Դերասանների ու չ’դերասանների մասին

Սրամիտ է. այսպիսով՝ մենք կարող ենք բնական կատարում ստանալ, այդ պատճառով էլ ողջունում եմ կինոյում խաղացող չ’դերասաններին:

Հայը

Երբ փոքր էի, ապրում էինք Վիկտորիայում. հուսահատության մեջ էի` ուզում էի լինել ինչպես բոլորը: Նրանք ինձ «փոքրիկ արաբ» էին անվանում, քանի որ մաշկս մի փոքր ավելի մուգ էր, տարօրինակ անուն ունեի ու եկել էի Եգիպտոսից: Միայն տարիներ անց հասկացա, որ ինչ-որ բան կորցրի…

Արսինե Խանջյանը

Նա «Armenian princess» (թարգ.` հայկական արքայադուստր-խմբ.) է, իմ ցանկալի դերասանուհին, կինը: Հենց Արսինեն փոխեց մասնագիտական կյանքս, ստիպեց ավելի շատ մտածել իմ հայկական ծագման մասին: Ասեմ, որ սիրում ենք աշխատել միասին, թեև հաճախ չի ստացվում: Ասեմ նաև, որ ընտանիքի տեսանկյունից շատ սխալ է մի ֆիլմի վրա աշխատելը, ինչը հաճախ ենք անում, քանի որ ամիսներ շարունակ դու պետք է քեզ միայն դրան նվիրես ու հետո կրկին վերադառնաս նորմալ կյանքի: Բայց մեր հարաբերությունները զարգացան ֆիլմերի պատմությունների հիման վրա:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

Հուսով եմ՝ մենք կնկարահանենք մի ֆիլմ, որը կպատմի հենց Ցեղասպանության մասին: Բայց ժամանակը քիչ է. եթե նկարահանելու ենք՝ պիտի դա հիմա անենք: Կնախընտրեի, որ դա լիներ ֆիլմ, որը կկենտրոնանար բուն հարցի շուրջ, դրա համար էլ պետք է շտապել…100-ամյակին ընդամենը երկու տարի է մնացել… Ամեն դեպքում, ուրախ եմ, որ դեռ 12 տարի առաջ նկարահանեցի իմ ֆիլմը…

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին հրաժարվել է վերադարձնել անասունները’
Հաջորդ հոդվածը‘Ներկայացվել է Սյունիքի նոր մարզպետը. Լիսկան ներկա էր’