‘Արագածոտնի գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը. «ՀԷԿ-ը չի՛ կառուցվելու» (Տեսանյութ)’

1092

Արագածոտնի մարզի հինգ գյուղերի հարյուրավոր բնակիչներ սպառնում են փակել միջպետական Երեւան-Վանաձոր ճանապարհը: Այսօր նրանք կրկին հավաքվել էին Օհանավան գյուղում` բողոքելով տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեմ:

Ինչպես տեղեկացրել ենք, «Գահա Էներջի» ընկերությունը մարզում Ապարանի ջրամբարից հոսող ջրի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ է սկսել: Ջրամբարը կառուցվել է դեռեւս 1950-ականներին` շրջանի գյուղերի այգիները ոռոգելու նպատակով: 1970-ականներին այստեղ տնկվել են հանրահայտ «Դեմիրճյանի խնձորի այգիները»:

Մարզի վեց` Օհանավան, Կարբի, Ուշի, Սաղմոսավան, Արտաշավան, Նոր Երզնկա գյուղերի այգեգործները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրամբարում ոռոգման համար ջուր չի մնա: Առանց դրա էլ` ջրամբարի ջուրը հազիվ է բավականացնում, իսկ երբեմն էլ, կախված եղանակից, չի բավականացնում ոռոգման համար, նշում են նրանք:

Գյուղացիները չեն հավատում համայնքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների հավաստիացումներին, թե ջուրը կբավականացնի ե’ւ ոռոգման, եւ ՀԷԿ-ի աշխատանքի համար: «Հարյուր տարի էստեղ ենք ապրում, գիտենք, ՀԷԿ-ն աշխատելու դեպքում ջրամբարը 20 օրում կցամաքի», — iLur.am-ի հետ զրույցում նշեց մի տարեց կարբեցի:

Հայաստանի այլ գյուղերի համեմատությամբ բավականին բարեկեցիկ այս համայնքների բնակչությունն զբաղվում է հիմնականում այգեգործությամբ: Գյուղացիներչը, սակայն, համոզված են` այգիների չորանալու դեպքում ստիպված են լինելու հեռանալ գյուղից կամ երկրից:

«Մենք էն քիչ գյուղերից ենք, որտեղից արտագաղթ համարյա չկա: Զինվորն էլ ենք մենք տալիս, ծնելիությունն էլ, հարկերն էլ: Սրանց նպատակն է` էդ այգիները չորացնեն, որ մենք էլ թողենք-արտաքսվենք էստեղից», — ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Օրերս Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ժամանել է Օհանավան` ծանոթանալու գյուղացիների բողոքին, փորձել է «համոզել», որ ՀԷԿ-ի կառուցումը օգուտ է տալու նրանց:

Այսօր էլ, երբ գյուղացիները սպառնացել են շինարարական աշխատանքները չդադարեցնելու դեպքում փակել Երեւան-Վանաձոր միջպետական ճանապարհը, Օհանավանի գյուղապետը հայտարարել է, որ մեկնում է Աշտարակ` մարզպետին գյուղացիների մտահոգությունները փոխանցելու:

iLur.am-ի թղթակիցը նույնպես մեկնեց Աշտարակ`մարզպետարանում ծանոթանալու գյուղապետի ու մարզպետի «բանակցությունների» արդյունքներին: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սաթենիկ Զորյանը, սակայն, տեղեկացրեց, որ մարզպետ Սարգիս Սահակյանն առավոտից Երեւանում է` խորհրդակցության:  

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդները երեկոյան Ուկրաինա կժամանեն ‘
Հաջորդ հոդվածը’89-ամյա հասակում վախճանվել է դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը’