‘Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին’

668

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Սրբազան Պապին և առանձնազրույց ունեցել, ինչից հետո ուղևորվել են Վատիկանի մեծ սրահ, որտեղ նրանց էին սպասում Առաջնորդ Սրբազանները, կարդինալներ, եպիսկոպոսներ և Վեհափառի այցելության առթիվ սփյուռքի գաղուներից ժամանած բարերարներ:

Կաթոլիկ եկեղեցու հետ դարարեի պատմություն ունեցող սերտ համագործակցության մասին հիշատակելուց հետո Վեհափառն անդրադարձել է տագնապներով ու մարտահրավերներով լեցուն ներկա աշխարհում միջեկեղեցական գործակցության կարևորությանը: Նա շեշտել է, որ հակառակ եկեղեցիների ու դավանական բաժանումներին, անհրաժեշտ է միասին գործել ու միասնաբար դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին։ Վեհափառ Հայրապետը ողջունել է եկեղեցին դեպի ժողովուրը տանելու Պապի աշխատանքը:

Վեհափառն անդրադարձել է երկու կարևոր հարցի` նախ Սրբազան Քահանայապետին հիշեցնելով Միջին Արևելքի ծանր դրության մասին, ինչը հաճախ սպառնալիք է նաև եկեղեցու ու դրա սպասավորների կյանքի համար։ Վեհափառը նշել է, որ չնայած դրան, եկեղեցիներն ամուր կառչած են Միջին Արևելքին և հավատարիմ իրենց քրիստոնեական վկայության ու քաղաքացիական պարտավորությունների ու իրավունքների հանդեպ։

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը` հիշելով 1915-ի Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության հետևանքները և Սփյուռքի կազմավորումը։ Նա նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն 1,5 միլիոն նահատակ է տվել, այլ կորցրել իր եկեղեցիները, մշակութային ու հոգևոր արժեքները, հետևաբար ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է:

Ապա Ֆրանցիսկոս Պապն իր խոսքն է ուղղել Վեհափառ Հայրապետին` ուրախություն հայտնելով առաջին անգամ հանդիպելու համար: Պապն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանն ու հայ ժողովրդի հալկածանքներով ու նահատակությամբ լեցուն պատմությանը: Նա հիշատակել է նաև Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերների մասին ու ողջունել նրանց` Միջին Արևելքին կառչած մնալու հաստատակամությունը:

Ավելի վաղ Արամ Ա-ն զրուցել է Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որը Վեհափառին մանրամասն տեղեկություններ է տվել Հալեպում և, մասնավորաբար, Նոր գյուղ հայաբնակ շրջանում կատարված ռմբակոծությունների մասին, գրում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքը։

Վեհափառն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև միջնորդավորված կապ է հաստատել ընդդիմության ներկայացուցիչների հետ, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով կանխվի հայահոծ շրջանների ռմբակոծումը։

Շարունակելով պաշտոնական այցը Վատիկան` Վեհափառ Հայրապետն այցելել է Սէնթ Էճիտիօ կազմակերպության կենտրոնատեղի ու դրա հովանավորությամբ գործող եկեղեցի։

Այցելության ժամանակ Վեհափառին ուղեկցել են մոտ 80 համայնքերի ներկայացուցիչ, որոնք զանազան գաղութներից ժամանել էին Պապի ու Վեհափառի հանդիպմանը ներկա լինելու։ Եկեղեցական արարողության ժամանակ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նահատակության գաղափարին՝ հիշեցնելով հայոց 1,5 միլիոն նահատակների մասին։

Նախորդ հոդվածը‘Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները. Էթիկայի հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը հունիսի 17-ին կայցելի «Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը Հարավային Կովկասում»’