‘
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքների կրոնական առաջնորդներին, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Հաղորդում է Asbarez-ը:
Ըստ այդմ` Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր երկիրը կարեւոր է համարում Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների պատմական դերն ու քրիտոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների պաշտպանությունը: Նախագահը նաեւ վերահաստատել է իր եւ իր երկրի հանձնառությունը՝ հակազդելու «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին:
Օբաման իր խոսքում ասել է, որ իսլամիստների դեմ պայքարում Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի զինված ուժերի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ եւ կնպաստի տարածաշրջանի կայունացմանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը: Հիշեցնենք, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղ իսլամիստների թիրախ են հանդիսանում այնտեղ բնակվող քրիստոնյաները և այլ կրոնական այլ փոքրամասնություններ, ինչի արդյունքում հազարավոր քրիստոնյաներ լքել են իրենց բնակավայրերը:
‘