‘Արամ Խաչատրյան. Շատ հարցեր մնում են անպատասխան, շատ բազմակետեր ու հարցականներ ավելի թելադրող են դառնում …Հայաստանում’

5174

Մեր  երկրում տիրող տխուր ու դառը իրավիճակը,  առկա բազում ու բազմաթիվ խնդիրները, ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունը, ատելության ու անվստահության մթնոլորտն անտանելի են դարձել ոչ միայն  սովորական քաղաքացիների, այլև ստեղծագործողների համար:  Մշակութային ճգնաժամը, հոգևոր արժեքների կորուստն ու սովը գրեթե անտանելի են դարձել նաև երիտասարդ տաղանդավոր ստեղծագործողների համար: Նրանցից շատերը ստիպված են ելքեր որոնել, որոնք հաճախ նրանց տանում են օտար երկրներ:

Իր նպատակների, արվեստում առկա հիմնահարցերի, հայ գեղանկարչության զարգացման հեռանկարների, արվեստի վրա քաղաքականության ազդեցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում նկարիչ  Արամ Խաչատրյանը:

Պատմիր ընթերցողին, թե ի՞նչ ուղի ես անցել, և որոնք են ուշադրության արժանի կետերը:

Ինչ ուղի էլ անցած լինեի, չէի կարողանա խուսափել այս «գաղջ» մթնոլորտից (ծիծաղում է): Ինչ վերաբերում է իմ կրթությանը, կարող եմ առանձնացնել Ազգային գեղագիտության կենտրոնը, որը շատ բան տվեց ինձ: Հետագայում ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժինը, որտեղ կրթության որակի մասին ոչ մի լավ բան ասել չեմ կարող: Հայաստանում մասնակցել եմ մի քանի ցուցահանդեսների, որոնց կարևորությունը, իհարկե, չպետք է գերագնահատել, ունեցել եմ նաև տարբեր համագործակցություններ Եվրոպայի և Ամերիկայի  հետ:

Հայտնի է, որ գեղագիտության ազգային կենտրոնում շեշտադրվում է նկարչի անհատականության ձևավորումն ու երևակայության զարգացումը: Ստուդիայում անցկացրած տարիներն ի՞նչ տվեցին քեզ:

Գեղագիտության ազգային կենտրոնում հայտնվեցի փոքր տարիքում՝ ընդամենը 5 տարեկան հասակում: Մեր  ստուդիան ինձ համար առանձնահատուկ մի վայր էր, որտեղ կարողանում էի թղթին հանձնել իմ երևակայությունների աշխարհը: Առաջին ուսուցչուհիս Սոնա Բանոյանն էր, որին հետո միացավ նաև Գայանե Վարդանյանը:

Իմ մեջ մինչև հիմա էլ վառ են այդ տարիների զգացումները: Ստուդիայի հոտը, նկարները, գունավոր մատիտներով ու ֆլոմաստերներով լի պայուսակները… Այստեղ երբևէ չզգացինք որևէ պարտադրանք մեր ուսուցիչների կողմից, յուրաքանչյուր երեխա կարողանում էր թղթին հանձնել երևակայությունների իր աշխարհը: Շատ ծնողներ մտածում են, որ ստուդիայի սաները տուն պետք է վերադառնան խնձոր կամ բաժակ նկարել սովորած, մինչդեռ, կարծում եմ՝ կարևորը  առարկաների՝ իրենց պատկերացումները նկարելն է, մանավանդ՝ այդ տարիքում: Հենց այդ կարողությունն էլ հետագայում ձևավորում է ստեղծագործող անհատի ձեռագիրը:

Արդեն հասուն տարիքում ի՞նչն ես համարում արվեստի հիմնական նպատակը, և ի՞նչ խնդիրներ պետք է այն լուծի:

Արվեստում, մասնավորապես՝ նկարչության մեջ, հիմնական խնդիրը շատ փնտրված,  սակայն չգտնված իրականության  որոնումն է: Իրականության վերափոխման պահանջը, որը դուրս է գալիս գիտակցականի սահմաններից, մղում է նորանոր փնտրտուքների: Մեր մտածելակերպը պետք է միտված լինի սեփական ես-ի և հասարակության հետ կապի ինքնակատարելագործմանը:  Այս ճանապարհին էլ պայքարի ձևը արտահայտվում է գաղափարական և ձևային ֆորմաներով:  Պայքարելով ինքդ քո դեմ ` հասնում ես այն կետին, որտեղ կարևոր է  արվեստի կապը դիտողի հետ: Այստեղ արդեն ուրիշ հարց է ծագում. ի՞նչ կապ կարող է ունենալ այս հասարակությունը ստեղծագործողի և ստեղծագործության հետ:

Ժամանակակից նկարչությունում ավելի  շատ տեղ են զբաղեցնում կոնցեպտուալ՝ հետաքրքրաշարժ լուծումները, այդ պատճառո՞վ է, որ նկարչությունը ձեռք է բերել ավելի մակերեսային ուղղվածություն:

Աշխարհի դինամիկ տեղաշարժին բնորոշ՝ ժամանակակից, սպառողական բնույթ ունեցող Բիենալեները, պերֆորմանսները, դուրս պոկվելով ձևերի ու գույների իրական կերպարանափոխությունից, շարժվում են դեպի ինտելեկտուալացում: Խոսքը արվեստում ուղղվում է դեպի դուրս: Այստեղ է, որ ներքին շարժ տեղի չի ունենում անհատի մոտ, և նկարը վերածվում  է ճչացող արտաքին ֆորմայի: Ձևի արտատպության ու ինտելեկտուալ մոտեցման դեպքում դուրս է մղվում շատ կարևոր մետամորֆոզի օրենքը: Արվեստը ինտելեկտուալ բնույթ է ստանում, և շատ հաճախ այն սրամիտ է, հետաքրքիր, ծիծաղելի, բայց ոչ հոգևոր: Եկել է մի ժամանակ, երբ նկարիչը ուղղակի սկսել է չնկարել, անել ամեն ինչ, բացի նկարելուց: Հաղորդակցության ասպեկտը, առաջին հերթին, պիտի հոգեկան ու հոգևոր ուղղվածություն ունենա:

Ձեր աշխատանքներում ի՞նչն եք կարևորում ու ինչի՞ն եք նախապատվություն տալիս` ձևի՞ն,  թե՞ բովանդակությանը, ո՞նց եք գտնում այդ երկուսի կապը:

Կարող է ձևից ծնվել բովանդակությունը, կամ հակառակը: Ստեղծագործող նկարչի գիտակցության մեջ միշտ էլ եղել է գաղափարների միաձուլումը նկարչական ձևի մեջ: Սակայն կա ուրիշ ճնշող մի իրականություն, որը փորձ է հասկանալու, թե արդյո՞ք նկարչական ընթացքը պիտի ավելի շատ միտված լինի արտաքին գեղեցկության ցուցադրությանը: Ու ինքս ինձ անընդհատ հարցնում էի` արժե՞ արդյոք փաստերը ներկայացնել այնպես, ինչպես թելադրում է իրականությունը: Այստեղ է, որ շատ  հաճախ  հասկանում ես, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերացական պատկերներ հորինել, առարկաներ տեղադրել, միայն թե այն նկարչական լինի, ու  այսօր շատ արդիական դարձած՝ 70 ժամանոց պատմություն չլինի նկարի ենթատեքստում: Ձևն ու բովանդակությունը ներդաշնակություն են պահանջում, և միայն գեղարվեստական ձևի մեջ գույնը կարող է չափի էտալոն դառնալ:  

Խոսեցինք նկարչի ու հասարակության հետ կապի մասին, արդյոք Դուք տեսնո՞ւմ եք այդ կապը, կամ ինչպե՞ս է այն ծնվում:

Այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Ուշադիր հետևեք, թե ինչ «հոգևոր սնունդ» են ստանում մեր հայրենակիցները, հետևեք սոցիալական կայքերին, կեղծ բարոյախոսներին, քարոզվող տխմարություններին: Ինչ արվեստագետի և արվեստի մասին է խոսքը, երբ տարբեր տեսակի, այսպես կոչված, արվեստագետներ բթացրել են մարդկանց գիտակցությունը: Հասել են ինքնախաբեության գագաթնակետին:

Հեշտ է խոսել անճաշակությունից, մեր հասարակության մեջ իշխող վատ երևույթներից: Դուք` երիտասարդ, շնորհալի արվեստագետներդ, ինչպե՞ս եք պայքարում այդ ամենի դեմ:

Ուղղակի այսօր բոլորի համար փորձությունների ճանապարհը նույնն է դարձել: Բոլորին ամեն ինչ հասանելի է, ու ամեն ինչ միախառնվել է: Լավ գովազդված     անորակ գործը շատ ավելի մեծ հավանականություն ունի ճանաչման  արժանանալու: Այն մարդիկ ու այն ստեղծագործությունները, որոնք չափանիշ պետք է լինեին, շատ հաճախ Հայաստանում  հետին պլան են մղվում: Ինչ-որ մեկի հավակնոտությունը, ֆինանսները, ծանոթ-բարեկամները, ցավոք, այսօր հաղթում են իսկապես շնորհալի երիտասարդներին: Շատերին հաջողվում է խաբել մարդկանց, ու այստեղից էլ սկսվում է անկումը: Անճաշակությունը շատ հաճախ է հաղթում: Ուղղակի դա է նրանց դրած նշաձողը այս ասպարեզում, որը, վստահ եմ, օրինակ՝ Եվրոպայում միանգամից կքանդվի: Կան շատ լավ ստեղծագործողներ հենց Հայաստանում: Պարզապես՝ նրանք չեն ձգտում ամեն տեղ ճչալ իրենց մասին: Այդ պատճառով էլ շատերն են հեռանում, որովհետև սեփական երկրում նրանց համար ամեն ինչ անարդյունավետ է, հեռանում են` հուսալով, որ եվրոպական որևէ երկրում կգտնեն փոխըմբռնում, բարենպաստ միջավայր և այլն:

Շատ ցավալի դիտարկումներ եք կատարում: Ի՞նչը հանգեցրեց Ձեզ նման եզրահանգման:

Ես միշտ դեմ եմ եղել անտարբերությանը, բայց այսօր իշխանությունները,  տարբեր մականունավորներ, արվեստը հասցրել են շուկայական էժանագին մակարդակի: Իհարկե, այս խավերը, կուսակցականացված ուսխորհրդի անդամները չե՛ն, որ նպաստում են ստեղծագործողների հուսալքությանը: Պարզապես՝ այս համակարգը ինքնավերարտադրման է հակված, որի գիտակցումն էլ հիասթափեցնում ու հուսալքում է:

Իսկ ի՞նչ նշանակություն ունի նկարիչների միության անդամ լինելը, ու ի՞նչ կարող է այն տալ նկարչին:

Այսօր նկարիչների միության անդամ լինելն էլ ոչինչ չի տալիս: Ամեն ինչ այստեղ ուղղակի ձևական է, դատարկ անուն: Նկարիչների միության անդամ, Նախագահի մրցանակ, վաստակավոր նկարիչ… Ո՞վ չգիտի՝ այդ ամենն ինչպես  է արվում, և ովքեր են շատ հաճախ այդ «պատվին» արժանանում: Ուղղակի մեր երկրում, մեր իրականության մեջ ձգտում են ուժի խաբկանք ստեղծել, բայց ավելի վատ իրենց համար: Այսպես կործանվում են թույլերը:   

Ի՞նչ եք տանում կամ ի՞նչ եք զգում Հայաստանից մեկնելիս: Առհասարակ, կցանկանայի կարծիքդ իմանալ, եթե քեզ նման՝ բոլորը ելքը երկրից դուրս փնտրեին ու մեկնեին Հայաստանից, մեր երկիրն արդյո՞ք կործանման եզրին չէր կանգնի:

Ամեն մեկն ունի պայքարի իր ձևը: Մեկը ֆեյսբուքում ստատուսներով է պայքարում կամ ինքնադրսևորվում, մյուսը ըմբոստության այլ ձևեր է գտնում: Ես միայն ուրախ կլինեմ, եթե արդարությունը հաղթի: Այսօր երիտասարդությունը լքում է երկիրը, ու մի մասն էլ հաջողություն է կերտում հենց երկրից դուրս: Ի՞նչ հիշողություններ են տանում Հայաստանից, ու ի՞նչն է կապում երկրին. շատ հարցեր մնում են անպատասխան, շատ բազմակետեր ու հարցականներ ավելի թելադրող են դառնում: Հիշողություններիդ շրջանակը գնալով նեղանում  է… շատ դեմքեր ու իրադարձություններ ուղղակի ջնջվում են` տեղ ազատելով նորերի համար:  Ինչ խոսք, ոչինչ հեշտ չի լինում, ամեն ինչի պետք է պատրաստ լինել …

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը Լիսկայի թիկնապահի մասին. Շաբաթօրյակ արեցին, ավլեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դանիացիները ոգևորում են իրենց հավաքականին Ազատության հրապարակում (տեսանյութ)’