‘Արամ Կարապետյան. ՀՀ իշխանությունները կարող են Նիգերիայի ճնշմանն էլ տեղի տալ ‘

1130

Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պարագայում աշխարհաքաղաքական ընտրություն կատարելը քաղաքական կամ տնտեսական շահերի տրամաբանությունից չի բխում: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստակամ է ինտեգրվել Մաքսային միությանը:

«Աշնանը կախված, դողացող տերևն ամեն քամուց կարող է ընկնի: Իրենց վիճակը այ էդ տերևի վիճակն է հիմա: Որպեսզի տրամաբանություն աշխատի, մարդը ծրագիր պետք է ունենա քաղաքականության մեջ, մտքեր, գաղափարախոսություն,- նկատեց նա, — հիմա արագ որոշում է կայացվում, Ռուսաստանն է ինչ-որ ձևով կարծր դիրքորոշումներով է հանդես գալիս՝ վազելու են Ռուսաստանի կողմ, վաղը Նիգերիան դիրքորոշումը կկարծրացնի՝ կվազեն Նիգերիայի կողմը»:

Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ հարցում որևէ հստակ դիրքորոշում չունի,  «բացի նրանից, որ Ղարաբաղը հանձնել պետք չէ դեռ, ու բացի նրանից, որ Ռուստստանի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենալ ռազմական առումով: Ուրիշ որևէ դիրքորոշում որևէ ձևով որևէ հարցում չունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մինսկում մայիսի 31-ին, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, որի ընթացքում Տիգրան Սարգսյանն ասել է, թե «համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ եւ ստորագրել», այնինչ նախկինում նա բազմիցս բացառել է Հայաստանի  անդամակցությունը Մաքսային միությանը` պատճառաբանելով, թե Հայաստանը չի կարող անդամակցել մի կառույցի, որի հետ ընդհանուր սահմաններ չունի:

Նախորդ հոդվածը‘Սարհատ Պետրոսյան. Նարեկ Սարգսյանը նպատակ ունի քանդել պատկերասրահը, որպեսզի Հյուսիսային պողոտան միանա հրապարակին’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր՝ Երևան-Սևան ավտոճանապարհին’