‘
Դա Տիգրան Սարգսյանի հերթական խեղաթյուրված, անպարկեշտ, հայ քաղաքացուն, հայաստանցուն վիրավորող արտահայտությունն է: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում մարդիկ աղքատ են գիտելիքի պակասից:
«Եթե ինքն այդ պաշտոնին աշխատում է, երևի թե իսկապես ժողովուրդն արժանի է այդ գնահատականին: Նրան ներում է արդեն որերորդ անգամ կոպիտ սխալներ թույլ տալիս: Փոխանակ սեփական մեղքը ներկայացնի, որ ժողովուրդը գնալով աղքատանում է, ինքը ժողովրդի վրա է գցում աղքատության պատճառը: Սա անամոթություն է: Էդ կուսակցությունը, նրան նշանակողները ո՞նց են ներում էդ կարգի կիքսերը, բացթողումները»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ աղքատության պատճառը «հարազատ» իշխանությունն է, «դրա գռփելու ցանկության անհատակ լինելը»:
Մանուկյանն անդրադարձավ նաև վարչապետի մեկ այլ հայտարարությանը, թե «արտագաղթը քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»:
«Էդ մարդը բացարձակ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվում այս երկրում: Հայաստանի մեծ քաղաքներում նկարահանեք ամենօրյա երթուղային ավտոբուսները, որոնք հայաստանցիներին դուրս են տանում, և տարեք՝ աչքը կոխեք, տեսնեմ՝ դա քաղաքական սպեկուլյացիա է, թե նրա անգրագիտության արդյունքն է»,- եզրափակեց պատգամավորը:
‘