‘Արամ Մանուկյանը՝ տրանսպորտի փոխնախարարին. Չարաշահումների համար մարդիկ պատժե՞լ են’

1157

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյա աշխատանքների ժամանակ Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը պատգամավորների ուշադրությանը ներկայացրեց Եվրոպական զարգացման բանկից 60 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին վարկային պայմանագիրը, որոնք ուղղվելու են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Թալին հատվածին:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որքան է կազմում տրամադրված նախկին մեծ վարկը, և ինչու՞ է առաջ քաշվել նոր վարկի անհրաժեշտություն: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակ դադարեցված աշխատանքներին, Մանուկյանը պահանջեց հստակեցնել, թե ի՞նչն էր դրա պատճառը: «Խորհրդարանում և մամուլում բարձրաձայնվել է, որ տեղի են ունեցել չարաշահումներ, որը հաստատել է նաև Վերահսկիչ պալատը: Արդյո՞ք այդ հարցը ձեզ մոտ քննարկվել է, և եթե այո, ապա ի՞նչ արձագանքներ են եղել, կա՞ն մարդիկ, ովքեր պատժվել են»,- հավելեց ՀԱԿ քարտուղարը:

 Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ աշխատանքների դադարը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով, իսկ վարկային միջոցները, որոնք հաստատվել են ծրագրի սկզբում, վերաբերել են երկու հատվածի շինարարությանը՝ մեկը Արտաշատից Աշտարակ հատվածին, մյուսը՝ Աշտարակից Թալին, իսկ ներկայիս վարկային ծրագրով նախատեսվում է կառուցել Թալինից Լանջիկ հատվածը:

Փոխնախարարը չցանկացավ բացահայտումները որակել որպես չարաշահումներ՝ նշելով, որ տեղի են ունեցել որոշակի շեղումներ, թերությունները արձանագրվել են, իսկ վատ կատավարված աշխատանքները չեն վճարվել:

Իր խոսքում Մանուկյանը խնդրեց հիմնավորել, թե ինչու չի հերիքել նախկին վարկը: Նա նշեց նաև, որ շինարարությունը դադարեցվել է որակի հետ կապված շեղումների պատճառով: «Ես քաջատեղյակ եմ, որ շինարարության դադարեցումը կապված չի եղել միայն եղանակային պայմանների հետ: Ես հստակ հարց եմ ուղղում, մարդիկ պատժվե՞լ են, թե՞ ոչ»,- հավելեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ անդամի թեկնածուին. Դուք վախենում եք ունենալ սեփական տեսակետ’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների նիստին’