‘
Ազգային ժողովում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթն սկսելուց առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Կառավարությունը տակտիկական առումով սխալ գործեց` զբաղվածության մասին օրինագիծը զուգահեռելով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության վերաբերյալ օրինագծին:
«Քանի որ տպավորություն է ստեղծվու, թե 20 հազար գործազուրկներից կտրվող 18 հազարական դրամների հաշվին բարձրացվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը», — նշեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի շատ արագ, միանգամից, որպեսզի գնաճը մեղմվի:
«Մենք վստահ ենք, որ այս նախագիծը բերելու է գնաճի եւ այն խոցելի շերտերը, որոնք ձեր ասելով մտնում են սոցիալական ծրագրերի մեջ, նրանց նկատմամբ բեռն ավելանալու է, որովհետեւ սոցիալական ծրագրերի, մասնավորապես թոշակների 15% ավելացումը գների թանկացման եւ այս օրենքի արդյունքում գնաճի հետ կապված ադեկվատ չեն: Այսինքն, բեռի ավելացումը սոցիալական շերտերի վրա ավելի արագ են, քան այն ծրագրերը, որոնք ուզում եք ներկայացնել», — նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, այս համակարգով, Կառավարությունը չի կարող լուծել այն մարտահրավերները, որոնք վերաբերում են մարդկանց կենսամակարդակին եւ բյուջեն լցնելու խնդիրներին:
«Եթե բյուջեն լցնող չունենաս, իրավունք չունես խոսել աշխատավարձերը բարձրացնելու մասին: Եթե բյուջեն մուտք անողները շահագրգռված չլինեն հարկ վճարել, տուրք վճարել, ապա քո ձեռքերը կապված են լինելու եւ չես կարողանալու եւ որեւէ աշխատավարձի, որեւէ սոցիալական խնդիր չես կարողանալու լուծել: Ուստի պետք է փայփայել, բամբակի մեջ գլխի վրա պահել բոլոր այն մարդկանց, հատկապես փոքր, միջին ձեռնարկատերերին, որոնք մուտք են անում բյուջե», — շեշտեց նա:
Ներկայացնելով «Ամերիա գրուպ»-ի ուսումնասիրության արդյունքները, Մանուկյանը նշեց, որ իայն այս տարվա մի քանի ամիսների տվյալներով 41 տոկոսով անկում է տեղի ունեցել գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության մեջ:
«9 ամսվա ընթացքում ռուսաստանյան միգրացիոն ծառայության տվյալներով, Վերին Լարսի անցակետը հատել են 160 հազար ՀՀ քաղաքացիներ: Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին, դուրս եք մղում Հայաստանում որեւէ արտադրություն կազմակերպողին: Հանրապետության բնակչությնա 3 տոկոսն ամեն տարի գնում է: Հարկայինի տվյալներով ասեմ, թվորեվ. ձեզ թվերով կարամ ջարդեմ: Հինգ տարվա ընթացքում շահութահարկը փոխել եք 42 անգամ, տնտեսվարողները չեն դիմանում, հաշվապահները չեն հասցնում փոփոխությունների հետեւից: Ստուգումների կարգը 43 անգամ փոխել եք` որ ի՞նչ: Ամեն անգամ հարկայինը մորթում է փոքր բիզնեսը: Հինգ տարվա մեջ ԱԱՀ-ը փոխել եք 167 անգամ` ինչի՞ համար: Էս ա՞ մեր հարկային ստաբիլ քաղաքականությունը: Չի կարելի էսպես: Սա ջարդ է բիզնեսի նկատմամբ», — հայտարարեց պատգամավորը:
Ամփոփելով` նա նշեց, որ եթե իշխանությունը ցանկանում է իր քաղաքացու բարեկեցությունը բարձրացնել, պետք է հստակ դիրքորոշում ունենա, այն է` մենաշնորհների դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար, ստվերը բերել հարկային դաշտ, կրճատել հարկային ապարատը:
Արամ Մանուկյանի խոսքով, սակայն, այս ամենը ներկա քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում հնարավոր չէ, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը չի ձեւավորվել արդար ընտրությունների արդյունքում, եւ համակարգի դեմ գնալով` դեմ է գնալու իր եկամուտի աղբյուրին:
«Մեր համակարգն այնպիսին է, որ քաղաքական շահերի բախում ունի հանրային շահերի հետ, իշխանության մեջ գտնվող մարդիկ բախում ունեն հանրային շահերի հետ: Սա տնտեսական խնդիր չէ, ֆինանսական խնդիր չէ, սա մաքուր քաղաքական խնդիր է», — ասաց Արամ Մանուկյանը` եզրափակելով խոսքը Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագոտ Տարոն Աճեմօղլուի ելույթից մեջբերումով. «Խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է»:
‘