‘
Ազգային ժողովի մեկնարկած քառօրյայում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նիստին ներկա է նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Օրինագծի քննարկման ընթացքում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը առաջարկեց պետբյուջեից Հանրային հեռուստաընկերությանը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որպեսզի Հանրայինում գովազդը բացառվի: Մինասյանը նաեւ հարց ուղղեց՝ որքանո՞վ է պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը նպաստում Սերժ Սարգսյանի ասած՝ «գաղջ մթնոլորտի ձեւավորմանը»:
Օրինագծի հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը համաձայնեց, որ գովազդը Հանրայինում շատ է հատկապես երեկոյան ժամերին, սակայն սխալ համարեց գովազդից հրաժարվելու գաղափարը՝ պատճառաբանելով, որ Հ1-ը գովազդի միջոցով տարբեր «օգտակար ծրագրեր» է իրականացնում:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց Ռուբեն Ջաղինյանի նշանակումը եւ շնորհավորեց բոլորին, քանի որ հանրային հեռուստատեսությունն արդեն ղեկավարելու է «բոլորի կողմից սիրված ինտելեկտուալ, մտավորական Ռուբեն Ջաղինյանը»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Հ1-ը ներծծված է «ռաբիսով»:«Կան հաղորդումներ, որոնցից ուղղակի պետք է երեխաներին հեռու պահել», — ասաց նա: Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ երեք շաբաթ առաջ հարցում է ուղարկել Կառավարություն՝ խնդրելով ներկայացնել հեռուստատեսությունում գովազդի հետ կապված թվերը՝ գինը, սահմանված ժամաքանակը եւ այլն:
«Սրանք խնդիրներ են, որոնք հստակ են և հասարակությունը ամբողջությամբ թաթախված է այս հիվանդագին պրոցեսներում, որոնց արդեն անդրադարձել եմ: Ես լրիվ ուրիշ բան եմ ասում, որը վերաբերվում է և՛ կառավարությանը, և՛ Ազգային ժողովին: Մեր խմբակցության անունից ես խնդրել էի հատկացնել մեզ գովազգի հետ առնչվող գումարային թվերը՝ կապված «Կայմ»-ի հետ, թե որքա՞ն էին իրենք ստանում, որքա՞ն արժեր րոպեն և որքա՞ն էր Հ1-ի բաժինը: Արդեն անցել է երեք շաբաթ և խոստումը չի իրականացվել. վերջին 4 ամսվա ընթացքում երեք անգամ կառավարությունը խոստացել էր ինձ ներկայացնել գրավոր պատասխան, որը երեք անգամ էլ չեմ ստացել»,- նշեց նա:
ԱԺ պատգամավորը ավելի հանգամանորեն անդրադարձավ նշված խոստումերին՝ նշելով, որ դրանցից առաջինը կապված էր ՀայՌուսԳազԱրդի պայմանագրի հետ, որի վերաբերյալ մինչև հիմա որևէ թուղթ չի ստացել՝ հայտարարելով այդ մասին երկու անգամ:
«Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ որևէ արգելանք չկա. ամեն ինչ օրենքի համաձայն է, ավելին, Ազգային ժողովի պատգամավորները ստորագրում են պետական գաղտնիքի պատպանման մասին փաստաթուղթ, և եթե դուք գտնեք այն տվյալները, որոնք հրապարակման ենթակա չեն և պետական գաղտնիք են պարունակում, այդ կանոնը մենք կարող ենք պահել»:
Հիշեցնենք՝ երեք շաբաթ առաջ Արամ Մանուկյանը դիմել էր կառավարություն ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով բյուջեում նախատեսված վերջին երեք-չորս տարիների ընթացքում գումարների չափի, այդ փաստաթղերը պատրաստելու հարցում ծախսված գումարների, ինչպես նաև բանակցային այդ ամբողջ գործընթացի վերաբերյալ: Տվյալ հարցին նույնպես խոստացվել է գրավոր պատասխան տալ, սակայն կրկին անգամ չի իրականացվել:
Չեն ստացվել նաև վերջին՝ հեռուսատտեսության հետ կապված փաստաթղթերը, որի համար ՀԱԿ խմբակցության քարտուղարը կառավարության ներկայացուցչի միջոցով դիմեց վարչապետին՝ նշելով, որ տալիս է ընդամենը երկու օր ժամանակ և երկու օր հետո ինքը կանդրադառնա այս խնդրին:
Դիմելով Ազգային ժողովի ղեկավարությանը, Մանուկյանը կոչ արեց հետևողական լինել օրենքով պատգամավորին հասանելիք փաստաթղթերը ներկայացնելու համար:
«Ես ընդամենը օրենքի պահանջն եմ ներկայացնում, և եթե այս երկու օրվա ընթացքում այն չներկայացվի ես կներկայանամ այլ հայտարարությամբ»,- հավելեց նա:
‘